Հոբելյանական մեծարում, կրթաթոշակի տրամադրում և մի շարք հարցեր՝ ռեկտորատի այսօրվա նիստում
Համալսարան-գործատու համագործակցության ՀՊՏՀ լավագույն օրինակներից է «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության հետ փոխգործակցությունը: Այսօր ռեկտորատի նիստում իրականացվեց արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած կրթաթոշակների հանձնումը ՀՊՏՀ երկու ուսանողների: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը մինչ պարգևատրումը ուրախություն հայտնեց, որ գործատուների հետ համալսարանի գործակցությունը նման պտուղներ է տալիս, ինչի ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս 6 տարի առաջ:
Ընկերության անձնակազմի կառավարման վարչության ղեկավար Անահիտ Աստաբատցյանը հայտնեց, որ ՀՊՏՀ երկու ուսանողներ՝ ֆինանսական ֆակուլտետի ապահովագրական գործ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Ելենա Մուրադխանյանը և նույն մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Հայկ Պողոսյանը 1 տարի շարունակ՝ սկսած 2017թ. սեպտեմբերից, «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության կողմից կստանան ամսական 50 դոլարին համարժեք դրամ: Կրթաթոշակի վկայագրերը հանձնեց ՀՊՏՀ ռեկտորը:
Վարչության պետը շնորհակալություն հայտնեց Կորյուն Աթոյանին շուրջ 7 տարվա համագործակցության համար և նշեց, որ այս տարի դժվարությամբ են կարողացել ընտրություն կատարել, քանի որ արժանիները շատ էին: Անահիտ Աստաբատցյանը հույս հայտնեց, որ սույն խրախուսումը կմոտիվացնի ուսանողներին՝ իրենց կարիերան կառուցելու ապահովագրական շուկայում: Ընկերության անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանը նշեց, որ իրենց ընկերությունը շատ է կարևորում երիտասարդներին, և սա ուսանողներին ուղղված միակ ծրագիրը չէ:
ՀՊՏՀ հետ համագործակցության մասին ասաց, որ որևէ ծրագիր նախաձեռնելիս իրենց հայացքը նախ և առաջ ուղղում են Տնտեսագիտական համալսարանին: Արդյունավետ համագործակցության համար ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ռեկտոր Կորյուն Աթոյանին, ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանին և բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աննա Ասլանյանին, ով իր հերթին ուրախություն հայտնեց գործատուների հետ նման համագործակցություն ստեղծելու առթիվ և նշեց. «Այնպիսի տպավորություն է, որ համալսարանն ու գործատուն մեկ ընդհանուր գործ են անում, ինչը շատ ուրախալի է»:
Մինչ ռեկտորատի օրակարգային հարցերը սկսելը ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը կոլեկտիվի և ուսանողության անունից շնորհավորեց կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ալբերտ Հովհաննիսյանին՝ 80 ամյա հոբելյանի առթիվ, որը լրացել էր օրերս: Ռեկտորը, ավանդույթի համաձայն, հոբելյարին հանձնեց շնորհավորական ուղերձ, որում մասնավորապես նշված էր. «Ձեր գեղեցիկ հոբելյանը երևան է բերում արգասաբեր ապրած մի կյանք, մեծ ավանդ գիտության զարգացման, սերունդների կրթության ու դաստիարակության գործում: Որպես մտավորական, գիտնական, մանկավարժ և արժանավոր քաղաքացի` Դուք էական դերակատարում եք ունեցել մեր համալսարանի պատմության մեջ` դառնալով նրա հիմնասյուներից մեկը:
Պատասխանատու բոլոր պաշտոններում Ձեզ հաջողվել է աշխատել արդյունավետորեն, ստեղծել առողջ և միաժամանակ պահանջկոտ մթնոլորտ` մշտապես առաջնորդվելով համալսարանի անունը բարձր պահելու ներքին պահանջով, երիտասարդ ու կարող ուժերին ճանապարհ հարթելու ձգտումով: Այո՛, մեծ են Ձեր ծառայությունները երիտասարդ տնտեսագետների պատրաստման գործում, որոնց կողքին եք եղել, ուղղորդել եք և՛ գիտահետազոտական աշխատանքում, և՛ մարդկային ու միջանձնային հարաբերություններում»:
Ռեկտորատի օրակարգային հարցերի շուրջ զեկուցումներով հանդես եկան ֆակուլտետների դեկանները՝ մանրամասն ներկայացնելով առկա ուսուցման բակալավրիատի 1-4-րդ կուրսերի ուսանողների 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի միջանկյալ ստուգումների, հեռակա ուսուցման մագիստրատուրայի 3-րդ կուրսի ուսանողների 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի և հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների 2017-2018 ուսումնական տարվա գիտամանկավարժական փորձառության արդյունքները: Դեկաններն ընդգծեցին, որ գործընթացներն իրականացվել են կանոնակարգերին համապատասխան:
Ընթացիկ հարցերի շարքում անդրադարձ եղավ ՀՊՏՀ ռեկտորին ուղղված ուսանողների դիմումներին, ուսման վարձավճարների գանձման գործընթացին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին