Ուսանողական մարզամշակութային փառատոնը եզրափակվեց. հաղթողը կառավարման ֆակուլտետն է (լուսանկարներ)
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված «Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային փառատոնը եզրափակվեց այսօր՝ մշակութային շքեղ միջոցառմամբ: Բոլոր ֆակուլտետներից տաղանդավոր ուսանողներ ներկայացան երգի, պարի ելույթներով, որոնք ուղեկցվում էին շքեղ շոուներով:
Պարի և երգի ելույթները համեմված էին նաև կիթառի, ջութակի կենդանի նվագակցությամբ: Հատկանշական է, որ այս տարի ավելի շատ հնչեցին հայրենասիրական, ազգային երգեր: Մինչ ՈւԽ նախագահությունը որոշում էր երգի, պարի մրցույթի հաղթողներին, եղան նաև ոչ մրցութային երգի, ինչպես նաև «Սթենդ ափ» ձևաչափում հումորային ելույթներ:
Այսպիսով, «Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային փառատոնի հաղթողը կառավարման ֆակուլտետն է, որը ամբողջ փառատոնի արդյունքում արձանագրել է առավելագույն՝ 17 միավոր: Կառավարման ֆակուլտետի նախագահ Հայկ Գրիգորյանին գավաթը հանձնեց ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը: ՈւՀԱ մրցելույթներում հաղթող ճանաչվեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը: ՈւՀԱ «Լավագույն հումոր» անվանակարգում հաղթող է կառավարման ֆակուլտետը, «Ռազմինկա» մրցույթում ՝ ֆինանսական ֆակուլտետը: ՈւՀԱ «Լավագույն երաժշտական համար» անվանակարգը նվաճեց ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը, ՈւԽ-ի կողմից սահմանված հատուկ ՝ «Տարվա հայտնություն» անվանակարգին արժանացան երկու հոգի՝ Կորյուն Մուրադյանը և Վիկտորյա Մկրտչյանը:
Երգի մրցույթում մրցանակային տեղերը բաշխվեցին այսպես՝ 1-ին հորիզոնական՝ ֆինանսական ֆակուլտետ, երկրորդ՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ, երրորդ՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ: Պարի մրցույթում առաջատար է կառավարման ֆակուլտետը, երկրորդ տեղում է մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը, երրորդում՝ ֆինանսականը: Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և մրցանակներով:
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին, փառատոնի կազմակերպիչներին:
Հիշեցնենք, որ «Ուսանողական աշուն-2014»-ը մեկնարկել էր նոյեմբերի 10-ին՝ շախմատի առաջնությամբ և ավարտվեց այսօր՝ մշակութային հանդիսավոր ցերեկույթով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին