Մեկնարկել է բասկետբոլի աղջիկների միջֆակուլտետային առաջնություն
ՀՊՏՀ ֆակուլտետները մրցում են բասկետբոլի աղջիկների առաջնությունում. այսօր մեկնարկել են միջֆակուլտետային խաղեր, որոնք կտևեն մինչև այս շաբաթվա վերջ:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը, ողջունելով ուսանողների հետաքրքրվածությունն ու ոգևորությունը մարզական խաղերի նկատմամբ, նշեց.
«Այս առաջնությունը «Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային փառատոնի շրջանակներում անցկացված մարզական խաղերի այսպես ասած՝ հաճելի հետևանքն է: Ոգևորված լինելով անցկացված խաղերով՝ տարբեր ֆակուլտետների ուսանողուհիներ առաջարկել են կազմակերպել նաև բասկետբոլի աղջիկների առաջնություն: Առաջարկին ընդառաջ՝ մեր ամբիոնի և ուսանողական խորհրդի հետ համատեղ անցկացնում ենք բասկետբոլի աղջիկների առաջնություն և հավանաբար, մյուս տարվա ներբուհական մարզական խաղերի բասկետբոլի առաջնությունում կընդգրկենք նաև աղջիկներին (այս տարի անցկացվեց միայն բասկետբոլի տղաների առաջնություն)»,-ասաց ամբիոնի ղեկավարը և հավելեց՝ քանի որ մարզական խաղերն արդեն եզրափակվել են, այս առաջնությունը անցկացվում է «Ուսանողական աշուն-2014» փառատոնի շրջանակներից դուրս:
Մաղթում ենք առողջ մրցակցություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին