«Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի զարգացման գերակայությունները ՀՀ-ում» թեման՝ «Ամբերդի» դիտակետում
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի զարգացման գերակայությունները ՀՀ-ում» խորագրով գիտական սեմինար՝ «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի լավարկման (օպտիմալացման) առաջարկությունների մշակում» հետազոտական ծրագրի շրջանակներում:
Սեմինարին մասնակցում էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակիցները, հետազոտական խմբի ղեկավար, կառավարման ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, խմբի անդամներ, ուսանողներ:
Յուրի Սուվարյանը բացման խոսքում նշեց, որ սա իրենց հետազոտական ծրագրի շրջանակներում երկրորդ սեմինարն է, ներկայացրեց նախորդ սեմինարի բովանդակությունը, ապա անդրադարձավ այսօրվա սեմինարի թեմային, հետազոտական խմբի կատարած աշխատանքին, ներկայացվելիք հարցերին: «Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս, կներկայացնենք գործնական լուրջ առաջարկներ»,-ասաց նա և խոսքը փոխանցեց սեմինարի բանախոս տ.գ.թ., դոցենտ Ռուբեն Հայրապետյանին:
Վերջինս նախ խոսեց տեղական ինքնակառավարում հասկացության մասին, այնուհետև ներկայացրեց վերլուծություններ՝ ՀՀ գյուղական համայնքների՝ ըստ բնակչության թվի, ՀՀ համայնքների՝ ըստ բյուջետային կարողությունների դասակարգումների մասին: Բանախոսն անդրադարձավ ՀՀ համայնքների ՝ ըստ մարզերի 2012-2013թթ. եկամուտներին, մեջբերեց ՀՀ Նախագահի հրամանագիրը՝ ՀՀ մարզերում պետական կառավարման մասին (1997թ.), ներկայացրեց համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը: Ըստ վարչատարածքային բաժանման նոր հայեցակարգի (20 գավառ և 3 հատուկ գոտի)՝ ներկայացվեց նաև լիազորությունների բաշխման հայեցակարգը, տեղական ինքնակառավարման կազմակերպական կառուցվածքն՝ ըստ առաջարվող նոր հայեցակարգի, վերջում ամփոփվեց խմբի կողմից մշակված հայեցակարգը՝ կոնկրետ առաջարկություններով: Սեմինարի ավարտին Ռուբեն Հայրապետյանը և Յուրի Սուվարյանը պատասխանեցին ներկաների հարցերին:
Սամվել Ավետիսյանը, ամփոփելով սեմինարը, նշեց, որ թեման ի սկզբանե կարևորվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից, քանի որ առնչվում է ՀՀ տարածքային կառավարման հիմնախնդիրներին:
Հետազոտական խմբի ղեկավար Յուրի Սուվարյանը, եզրափակելով սեմինարը, հույս հայտնեց, որ սեմինարի մասնակիցների կողմից հնչած հարցերն ու նկատառումները կնպաստեն հետազոտական խմբի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելուն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին