Տնտեսագիտական համալսարանում նշվեց Որակի համաշխարհային օրը. կայացավ հանդիպում՝ գործատուների հետ (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1524

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ապրանքագիտության և տեխնոլոգիայի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր բուհում մեկտեղվել էին տեղական արտադրողներ, գործատուներ. առիթը Որակի համաշխարհային օրն էր: Կայացավ «Որակի իմացությունը հաջողության գրավականն է» կարգախոսով Որակի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, վարչատնտեսական աաշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանը, ապրանքագիտության և տեխնոլոգիայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Սիլվա Սահրադյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, տասնյակ գործատուներ՝ հայաստանյան տարբեր ընկերություններից:

Միջոցառումը բաղկացած էր 2 մասից. առաջին մասը նվիրված էր Որակի համաշխարհային օրվան, 2-րդ մասը քննարկում էր գործատուների հետ՝ ««Ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն» մասնագիտության բակալավրերի և մագիստրոսների գիտելիքների նկատմամբ գործատուների նկատառումները և առաջարկները» թեմայի շուրջ:

Բացման խոսքով ելույթ ունեցավ Կորյուն Աթոյանը, ով ներկաներին շնորհավորեց օրվա առիթով  և որպես կրթական հաստատության ղեկավար՝ խոսեց կրթության որակի մասին: «Կարծում եմ կյանքի որակը սկսվում է  կրթության որակից: Կրթության որակի ապահովումը հեշտ գործ չէ, բարձրորակ կրթության տրամադրումը երկարատև գործընթաց է, այն ապրանք չէ, որը կարող ես արտադրել մեկ ժամում կամ մեկ օրում:

Եթե հաշվենք դպրոցական տարիներից, ապա շուրջ 18 տարի մարդը պետք է ներդրում անի՝ որակյալ կրթության ստանալու համար»,- շեշտեց համալսարանի ղեկավարը՝ ավելացնելով, որ կրթական ծառայությունների որակի բարձրացման համար Տնտեսագիտական համալսարանն արդեն մի քանի տարի համագործակցում է գործատուների հետ:

Ռեկտորի ելույթից հետո «Որակի իմացությունը հաջողության գրավականն է» խորագրով Որակի օրվան նվիրված զեկույցով հանդես եկավ Սիլվա Սահրադյանը՝ անդրադառնալով օրվա խորհրդին, որակի ապահովման գործում ապրանքագետների դերին: Հնչեցին նաև այլ ելույթներ:

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննության ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արտաշես Ջավադյանն իր խոսքում անդրադարձավ ՀՀ-ում փորձագիտության ոլորտի արդի հիմնախնդիրներին՝ ներկայացնելով իրենց կառույցի գործունեությունը, որը հիմնականում  իրականցվում է դատական և քրեագիտական, ինչպես նաև քաղաքացիաիրավական դաշտում: Բանախոսը հայտնեց, որ իրենց բյուրոն տարեկան 10.000 փորձաքննություն է իրականցնում, ապա անդրադարձավ այդ գործընթացի համատեքստում կիրառվող որակի չափանիշներին:

«Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման» փորձաքննության կենտրոնի տնօրեն, տ.գ.թ. Կարեն Գասպարյանն իր խոսքում անդրադարձավ տնտեսական անվտանգության և այդ համատեքստում ապրանքագետի դերին: «Որակ հասկացությունը լայն է և ընդգրկում է մեծ շրջանակ»,- իր խոսքն այսպես սկսեց ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն, տ.գ.թ. Գևորգ Նազարյանը՝ համառոտ ներկայացնելով Հայաստանում որակի ապահովման ենթակառուցվածքները, որակի հսկողության համակարգը, խոսեց ազգային ստանդարտների մասին, որակ-ստանդարտ համակցության մասին՝ ընդգծելով՝ «ստանդարտները որակի հոգին են»:

Հանդիպման 2-րդ հատվածում ելույթ ունեցան Սիլվա Սահրադյանը՝ ««Ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն» մասնագետ բակալավրերի և մագիստրոսների որակը, հմտություններն ու գործունեության ոլորտները» զեկուցմամբ, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ «Ապրանքագետ- փորձագետի դերը  և գործունեությունը ՀՀ տարբեր կազմակերպություններում» զեկուցմամբ, «Վերամշակված մթերք» ասոցիացիայի նախագահ տեխն. գիտ. թ., Սանդրո Աբովյանը՝ «Ապրանքագետ-փորձագետի դերը և գործունեությունը արտադրական ձեռնարկություններում» զեկուցմամբ և ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան «Առողջապահության ազգային ինստիտուտ» փորձաքննության կենտրոնի ղեկավարի տեղակալ ք.գ.թ. Ոսկեհատ Ոսկանյանը՝ «Ապրանքագետ-փորձագետի դերը և գործունեությունը հավատարմագրված լաբորատորիաներում և տարբեր մարմիններում » զեկուցմամբ, որից հետո ծավալվեց քննարկում:

ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ ապրանքագետ-փորձագետ մասնագետը իրականացնում է մի շարք կարևոր գործառույթներ, մեծ է նրա դերը: Նա խոսեց բուհի թողարկած մասնագետի և գործատուի պահանջների համապատասխանության, ինչպես նաև անհամապատասխանությունների մասին: Կարևորեց լեզվի՝ անգլերենի, ռուսերենի  իմացությունը (մայրենիից հետո):

Հանդիպումն ուղեկցվեց քննարկումներով, հնչեցին համագործակցության առաջարկներ գործատու ընկերությունների ներկայացուցիչների կողմից: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ամփոփեց հանդիպում՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին հետաքրքիր զեկույցների, քննարկման համար, իսկ հնչեցված առաջարկների առնչությամբ վստահեցրեց. «Մենք նույնպես շահագրգռված ենք համագործակցությամբ, քանի որ մեզ համար խիստ էական է մեր պատրաստած կադրերի համապատասխանությունը գործատուների պահանջներին»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին