Մարքեթինգի զարգացման հիմնական միտումները` ռուսաստանցի գիտնականի բանախոսությամբ
Միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր ՀՊՏՀ դասախոսների և ուսանողների հյուրն էր ՌԴ Հարավդաշնային համալսարանի մարքեթինգի և բիզնեսի հաղորդակցության ամբիոնի վարիչ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Նատալյա Կետովան:
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց գիտնականին, որը հյուրընկալվել էր մեր բուհում իր ամուսնու՝ ակադեմիկոս Վիկտոր Օվչիննիկովի հետ՝ նշելով, որ նրանք մեր համալսարանի վաղեմի բարեկամներն են: Պրոռեկտորը նշեց, որ դասախոսությունը վերաբերելու է ժամանակակից մարքեթինգի հիմնախնդիրներին, ապա ավելացրեց՝ մարքեթինգը ժամանակակից միակ գիտակարգն է, որի ուսումնասիրությունը չի ավարտվում կրթական հաստատության սահմաններում, այլ շարունակվում է ամբողջ կյանքում, այն մեզ հետ է ընտանեկան բյուջեի կառավարումից մինչև մեծ բիզնես: Գագիկ Վարդանյանը հյուրին տեղեկացրեց, որ դասախոսության հանդեպ մասնագիտական մեծ հետաքրքրություն կա, սրահում ներկա են ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը, ամբիոնի ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ:
Նատալյա Կետովան իր ելույթում հանգամանորեն անդրադարձ կատարեց մարքեթինգ երևույթին՝ որպես գիտահետազոտական ուղղության և պրակտիկայի: Նա կանգ առավ մարքեթինգի ձևավորման ու զարգացման շրջափուլերի վրա՝ ամերիկյան մարքեթինգից մինչև հյուսիսեվրոպական միտումներ ու հայեցակարգեր, կիրառման տեխնոլոգիաներ, անդրադարձավ ռուսական դպրոցի ներկայացուցիչների գիտական գործունեությանն ու սկզբունքներին, ապա ներկայացրեց մարքեթինգի զարգացման հիմնական միտումները, ուղեկցող դրական ու բացասական երևույթները:
Բանախոսը նշեց, որ Հարավդաշնային համալսարանում այս տարի բացվել է մարքեթինգ մագիստրոսական մասնագիտություն, հաջորդ տարի նախատեսվում է բացել մարքեթինգային հաղորդակցություններ և մեր մագիստրանտներին ու ասպիրանտներին հրավիրեց համագործակցության և փորձի փոխանակման:
Մարքեթինգի ամբիոնի ասպիրանտներ Գագիկ Սիմոնյանը և Գարիկ Կուրղինյանը բանախոսին ուղղեցին հարցեր, խորհրդակցեցին մարքեթինգային նոր հիմնախնդիրների ու հայեցակարգերի շուրջ:
Ամփոփելով դասախոսությունը՝ Գագիկ Վարդանյանը մարքեթինգը համեմատեց միջուկային էներգիայի հետ, որը կարելի է նպատակուղղել և՛ դրական, և՛ բացասական հունով, և՛ զենք ստեղծել, և՛ լույս ու ջերմություն տալ մարդկանց՝ հույս հայտնելով, որ իր զարգացման ճանապարհին այս գիտակարգը կլինի առավելապես ստեղծարար:
Վերջում գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտորը բովանդակալից դասախոսության համար Նատալյա Կետովային հանձնեց հավաստագիր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին