ՀՊՏՀ աշխատակիցը մասնակցել է բուհական թանգարաններին նվիրված եռօրյա աշխատաժողովի

Դիտումների քանակ՝ 1068

Հոկտեմբերի 28-30-ը, ԻԿՕՄ-ի  (International Council of Museums (ICOM)) հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախաձեռնությամբ, Երևանի Վալերի  Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունեցել «Հանրահռչակումը բուհական և ակադեմիական թանգարաններում» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցել են  Հայաստանի բուհական, ակադեմիական և ինստիտուտ- թանգարանների 12 ներկայացուցիչներ: Աշխատաժողովին մեր բուհից մասնակցել է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Նանե Ավանեսյանը: Եռօրյա սեմինարները վարել են հատուկ հրավիրված փորձագետներ՝  Ստրասբուրգի համալսարանի փոխնախագահ Հյուգ Դրեսսը և Տամպերեի (քաղաք Ֆինլանդիայի հարավ-արևմուտքում) թանգարանների տնօրեն  Մարիո Ռիտա Սալոնիեմին:

Սեմինարի ընթացքում խոսվել է համալսարանական թանգարան հասկացության, դրա գործունեության, կազմակերպվող միջոցառումների, զարգացման ծրագրերի, մարքեթինգային գործիքների, բրենդի, թիրախային խմբերի  և այլնի մասին: Գործնական աշխատանքների միջոցով մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր թանգարանի տեսլականը, զարգացմանն ուղղված քայլերը: Այցելություններ են կատարվել դեպի ԵՊԼՀ Վալերի Բրյուսովի թանգարան, ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարան, մասնակիցները ծանոթացել են դրանց ստեղծման պատմությանը:

Բուհական և ակադեմիական թանգարանների ներկայացուցիչները ստացել են մասնակցության վկայականներ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, օգտվելով պատեհ առիթից, հայաստանյան բուհական թանգարանների հիմնախնդիրների մասին  զրուցել է ԻԿՕՄ-ի նախագահ Մարինե Հարոյանի հետ, ով մասնավորապես, նշել է, որ բուհական թանգարանների միջև կապը այնքան էլ ակտիվ չէ, մինչդեռ փոխադարձ շփումները, փորձի փոխանակումը նպաստում են թանգարանների զարգացմանը: Նրա խոսքով՝ բուհական թանգարանը պետք է լինի կենդանի, ակտիվ գործունեություն իրականացնող: Նա կարևորեց նաև այլ երկրների թանգարանների գործունեությանն իրազեկ լինելը:

«Այս աշխատաժողովի կազմակերպումը նպատակ ուներ միջազգային փորձը ներկայացնել մեր բուհական և ակադեմիական  թանգարանների  աշխատակիցներին, նախաձեռնությունը ԻԿՕՄ-ի փոխնախագահ Մարինե Մկրտչյանինն է: Հաշվի առնելով, որ աշխարհում կատարվող արագընթաց փոփոխություններն ու առաջընթացները նոր մարտահրավերներ են նետում, և մենք չենք կարող անմասն մնալ դրանից, անհրաժեշտ է ծանոթ լինել միջազգային փորձին, դրանից քաղել և կիրառել օգտակարը», -ընդգծել է Մարինե Հարոյանը և հավելել, որ նախատեսվում է դեկտեմբերին   Հայաստանում Թանգարանային կրթության կենտրոն ստեղծել, որը նպատակ ունի ներգրավելու տեղական բոլոր թանգարաններին, իրականացնելու կրթական ծրագրեր:

Մեր բաժնի աշխատակից Նանե Ավանեսյանն աշխատաժողովից վերադարձել է տպավորված՝ նշելով, որ աշխատաժողովը և' օգտակար էր, և' հաճելի:

«Կարևոր էր ոչ միայն տեսական և գործնական գիտելիքներ ստանալը, այլև միջբուհական շփումը, փորձերի փոխանակումը, քննարկումները, խնդիրների վերհանումն ու համատեղ դրանց լուծման ուղիների փնտրումը: Երեք օրերի ընթացքում հնարավորություն ստեղծվեց  նոր գործընկերներ ձեռք բերելու և  հետագայում  համագործակցելու», -ասում է նա՝ պատրաստակամություն հայտնելով  իր նպաստը ներդնելու  ՀՊՏՀ թանգարանի զարգացման գործում:

Նշենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում բուհի պատմությունը վավերացնող 2004 թվականին հիմնադրված թանգարանը 2014 թվականի սեպտեմբերին նորովի ներկայացավ հիմնանորոգված ու նորովի ձևավորված ճեմասրահում: Չորս ցուցափեղկերը վերտառված են «Մենք փոխվում ենք», «Զարգացման նոր ճանապարհին», «Մեր ռեկտորները», «Ուսանողական  խորհուրդ» և ընդգրկում են լուսանկարներ, փոստաթղթեր, հուշանվերներ ու գավաթներ: ՀՊՏՀ թանգարան այցելեք հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/կյանքը-հպտհ-ում/թանգարան-281:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին