«ՀՀ տնտեսական աճի միտումները Մաքսային միությանն անդամակցելու պայմաններում» խորագրով սեմինար՝ «Ամբերդում»
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի «ՀՀ տնտեսության ոլորտային զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները Մաքսային միության անդամակցության պայմաններում» ծրագրի շրջանակներում այսօր խորհրդակցությունների սրահում կայացավ «ՀՀ տնտեսական աճի միտումները Մաքսային միությանն անդամակցելու պայմաններում» խորագրով գիտական սեմինար՝ ծրագրի կատարողներ, տ.գ.թ., դոցենտ Ֆրիդա Բահարյանի և ասպիրանտ Հասմիկ Հովակիմյանի բանախոսությամբ:
Ֆրիդա Բահարյանը խոսեց հարկային համակարգերի ներդաշնակեցման, ներդաշնակեցման գործընթացի փուլերի, ուղղակի հարկերի ներդաշնակեցման հիմնական ուղղությունների մասին, լուսապատկերի միջոցով ներկայացրեց ուշագրավ տվյալներ, զեկուցման ավարտից հետո պատասխանեց ներկաների հարցերին: Հասմիկ Հովակիմյանը ներկայացրեց ՀՀ և ՄՄ մի քանի երկրների տնտեսական համեմատություն, ապա՝ տնտեսական աճի ավելացման ուղղությամբ ռիսկերը, արտահանման-ներմուծման գործակիցները, գլոբալ, ինովացիոն մրցունակության համաթվերը, համախառն մրցունակության միգրացիայի գործակիցները ՌԴ-ի հետ (2013թ.), 2013-2015 թթ. հարկաբյուջետային ամփոփ ցուցանիշները, ներմուծվող ապրանքների՝ ՀՀ գործող և ՄՄ դրույքաչափերը, խոսեց հարկային և մաքսային օրենսդրության ներդաշնակեցման ռազմավարկան ծրագրի մասին:
Սեմինարի ավարտին թեմային առնչվող ամփոփ վերլուծություններով հանդես եկավ հետազոտական խմբի ղեկավար, ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանը, ով կարևորեց «Ամբերդում» տիրող, իր խոսքով՝ հավասարության մթնոլորտը: «Ցանկանում եմ նշել, որ մենք «Ամբերդը» ընկալում ենք որպես լուրջ գործընկեր և ուզում եմ շեշտել այստեղ տիրող փոխադարձ ընկալման մթնոլորտի կարևորությունը»,-ասաց պրոֆեսորը:
Իր գոհունակությունը հայտնեց նաև հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը՝ ներկայացվածը գնահատելով որպես հետաքրիր աշխատանք, թիմին մաղթեց հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին