Մեկնարկեց «Կայուն զարգացման ապահովում» բաժանմունքի աշխատանքը
«Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովը, որը մեկնարկել էր երեկ, այսօր իր աշխատանքը շարունակեց բաժանմունքներում: Ինչպես հայտնի է, երեկ սկսել էին աշխատել 3՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունները», «Ֆինանսական շուկաներ և ենթակառուցվածքներ», «Միջազգային տնտեսական համագործակցություն և կրթության որակի ապահովում» բաժանմունքները: Այսօր իր աշխատանքը սկսեց նաև «Կայուն զարգացման ապահովում» բաժանմունքը՝ ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում՝ ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Մանուկ Մովսիսյանի համակարգմամբ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այցելեց Զեյթունում տեղակայված ֆակուլտետի մասնաշենք և մասնակցեց բաժանմունքի աշխատանքներին: «Երեկվանից մեր բուհում մեկնարկել է «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով 24-րդ գիտաժողովը և ուրախալի է, որ բաժանմունքներից մեկի աշխատանքն էլ կազմակերպվել է մեր ֆակուլտետում, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ: Սա շատ կարևոր է մեզ համար, որովհետև մեր ֆակուլտետի 3 մասնագիտություններն էլ կիրառական նշանակություն ունեն, իսկ մեր գիտնականների ներկայացրած զեկուցումների թեմաներն էլ բավական արդիական են»,- հայտարարեց բաժանմունքի համակարգող, ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը: Բացման խոսքից հետո ներկայացվեց առաջին զեկուցումը՝ «Մարդկային կապիտալի անուղղակի գնահատումը Հայաստանում» թեմայով՝ ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Կարինե Հարությունյանի և նույն ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., Ելենա Մանուկյանի համահեղինակությամբ: Զեկուցումը ներկայացրեց Կարինե Հարությունյանը:
Մեզ հետ զրույցում ֆակուլտետի դեկանը նշեց, որ գիտաժողովի նկատմամբ հետաքրքրությունը բարձր է, բաժանմունք է ներկայացվել 23 զեկուցում, ինչը շատ ոգևորիչ է: Մանուկ Մովսիսյանը հույս հայտնեց, որ հետագա տարիներին գիտաժողովի որևէ բաժանմունքն իրենց ֆակուլտետում կազմակերպելը դրական արդյունք կտա, որակապես կփոխվեն նաև զեկուցումները: «Համալսարանը կրթականից բացի գիտական բաղադրիչ է պարունակում և վերջին տարիներին այս բաղադրիչն ամրապնդելու ուղղությամբ բուհի ղեկավարության կողմից հստակ ջանքեր են ներդրվում, ինչը ուրախալի փաստ է: Գիտաժողովի առիթով ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս»,- նշեց ֆակուլտետի դեկանը:
Այսօր իրենց աշխատանքներն են շարունակել նաև «Ֆինանսական շուկաներ և ենթակառուցվածքներ», «Միջազգային տնտեսական համագործակցություն և կրթության որակի ապահովում» բաժանմունքները:
Նշենք, որ երեկ մեկնարկած համալսարանի տարեկան գիտաժողովը եռօրյա է, կամփոփվի վաղը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին