Գրիգոր Տերտերյանը 70 տարեկան է
Այսօր տոն էր ՀՊՏՀ աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, համալսարանի արհմիութենական կոմիտեի նախագահ, բազմավաստակ գիտնական-մանկավարժ Գրիգոր Տերտերյանի կյանքում: Մի մարդու, ում գործունեության տասնամյակները միահյուսված են մեր համալսարանի տարեգրությանը, որի ընթացքում նրան ճանաչել ենք որպես սիրված դասախոսի, բանիմաց ու հմուտ կառավարչի, սրտացավ գործընկերոջ: Նրա 70-ամյակը նշում էին և՛ հարազատ ամբիոնում, և՛ արհկոմիտեում:
Հոբելյարին շնորհավորեցին նաև ռեկտորատում. ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողության անունից շնորհավորեց Գրիգոր Տերտերյանի հոբելյանը և հանձնեց շնորհավորական ուղերձ: Ռեկտորը նշեց, որ Գրիգոր Տերտերյանը կանգնած է համալսարանի ստեղծման ակունքներում, հայտնի է որպես սիրված դասախոս, լավ մարդ ու ընկեր: Ջերմ բարեմաղթանքներից հետո ռեկտորը խոսքը փոխանցեց ներկաներին: Գրիգոր Տերտերյանի աշխատանքային եռանդի, նվիրվածության, մարդկային դրական հատկանիշների մասին խոսեց ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական Գրիգոր Կիրակոսյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ընդգծեց հոբելյարի կազմակերպական բարձր ունակությունները, իսկ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հիշեց նրան որպես իր դասախոսի, որպես համալսարանի ստեղծման և կայացման ճանապարհին կանգնած անհատի՝ նշելով, որ Գրիգոր Տերտերյանը հոգեհարազատ մարդ կոլեկտիվի համար: Գրիգոր Տերտերյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ռեկտորատին և անձամբ ռեկտոր Կորյուն Աթոյանին իր գործունեությունը գնահատելու համար: «Ես սիրում եմ իմ կոլեկտիվը, հաճույքով կշարունակեմ իմ գործունեությունը կոլեկտիվի հաջողությունների համար»,- ասաց նա:
Աշխատանքի տնտեսագիտության ամբիոնում ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարտիրոս Պետրոսյանը, ամբիոնի և արհկոմիտեի գործընկերները հոբելյարին հասցեագրեցին ջերմ ու սրտառուչ խոսքեր, արժևորեցին նրա անցած ուղին ու մարդկային կերպարը:
Գրիգոր Տերտերյանին աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի կոլեկտիվը հղել է հետևյալ խոսքը.
Եթե փորձենք թվերի ու փաստերի լեզվով ներկայացնել նրա կյանքի ուղին, ապա կգրվի մանկավարժ-գիտնականին բնորոշ կենսագրություն: Այսպեսª ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 25-ին Երևանում: 1962թ-ին ավարտել է Ս.Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցը, աշխատել Երևանի Էլեկտրաապարատների, այնուհետև Ավտոպահեստամասերի գործարաններում:
1969թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը և անմիջապես սկսել մանկավարժական գործունեությունը Երևանի կոոպերատիվ տեխնիկումում: 1970 թ. աշխատանքի է անցել ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում որպես ՀԼԿԵՄ բյուրոյի քարտուղար: 1971-ից արդեն ասիստենտ էր ժողտնտպլանավորման, 1973-իցª աշխատանքի էկոնոմիկայի և գիտական կազմակերպման ամբիոններում: 1975-ին տեղափոխվել է ԵԺՏԻ նույն ամբիոն, որտեղ 1977-ից ավագ դասախոս էր:
1978-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Աշխատանքի արտադրողականության բարձրացման նյութական խթանման կատարելագործումը արդյունաբերության մեջ» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1983-ին նրան շնորհվել է դոցենտի կոչում:
1984-1995 թթ. նա դրսևորել է կազմակերպչական իր հմտությունները ինստիտուտի արհկոմիտեի նախագահի պաշտոնում:
1995-ից աշխատանքի էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ էր և կառավարման ֆակուլտետի դեկան: Եղել է տնտեսագիտության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհրդի անդամ, իսկ 1994-2008 թթª. գիտքարտուղարը: Այսօր դարձյալ ղեկավարում է արհմիութենական կոմիտեի աշխատանքները:
Գրիգոր Տերտերյանը աշխատանքի արտադրողականության, աշխատանքի ձևերի ու համակարգերի, նյութական խթանման, աշխատանքի նորմավորման, ԱԳԿ հիմնահարցերին նվիրված 50-ից ավելի գիտական աշխատանքների ու հոդվածների հեղինակ է:
Ահա հիմնական գծերով այսպիսին է գիտնական-մանկավարժի 45-ամյա աշխատանքի ուղին: Սակայն ամբողջական չի լինի Գրիգոր Տերտերյան անհատականության նկարագիրը, եթե բավարարվենք միայն կենսագրական կարևոր փաստերի արձանագրմամբ: Խիստ և կայուն բնավորություն, ճկուն միտք, աշխատասիրություն, գործին անմնացորդ նվիրվածություն, բարի ուշադիր, զուսպ, բայց միևնույն ժամանակ զգացմունքային խառնվածք, հուսալի, վստահելի ընկեր, ուրիշի հոգսն իրենը դարձնող և անհրաժեշտության դեպքում աջակցության ձեռք մեկնող անհանգիստ անձնավորություն: Վստահ ենքª այսպես կբնութագրեն Գրիգոր Տերտերյանին նրան ճանաչողները, իսկ վերջիններիս թիվը շատ մեծ է: Նա սիրված ու գնահատված է թե՛ ուսանողների, թե՛ գործընկերների կողմից և այն երջանիկներից է, ով մշտապես արժանանում է փոխադարձ ջերմ վերաբերմունքի:
Շնորհավորելով հարգարժան Գրիգոր Տերտերյանին ծննդյան 70-ամյակի առիթովª ուզում ենք նրան միշտ տեսնել առողջ, ուրախ, իրեն հատուկ եռանդով լի և նոր ու հետաքրքիր գործերի հեղինակ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին