Համագործակցություն բոլոր ուղղություններով. «Ամբերդը» ներկայանում է գործընկերներով
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է գործընկերների մասին:
Համալսարանի պաշտոնական կայքի «Ամբերդ» կենտրոնի էջում գործարկվել է նոր խորագիր՝ «Գործընկերներ»: Ներկայացված են կենտրոնի 3 գործընկերները՝ ՌԴ Ա. Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը, Սոֆիայի Սբ. Կլիմենտ Օրհիդսկու անվան համալսարանի մագիստրոսական, դոկտորական և հետդոկտորական հետազոտությունների «Վիա Եվրասիա» կենտրոնը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը: Խորագրում զետեղված են գործընկեր կառույցների տարբերանշանները և ակտիվ հղումները՝ դեպի իրենց պաշտոնական կայք:
«Կենտրոնն իր կարճ աշխատանքային տարեգրության մեջ կարողացել է համագործակցություն ստեղծել գիտակրթական և հետազոտական ոլորտի տարբեր կառույցների հետ: ՌԴ Ա. Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հեղինակավոր հիմնադրամի հետ հասցրել ենք կազմակերպել համատեղ սեմինարներ, վարպետաց դասեր: Կայացել են փոխայցելություններ, փոխգործակցության օրակարգում նախանշվում են նոր ծրագրեր: Ուրախալի է, որ հաջողվել է կապեր ստեղծել նաև Սոֆիայի Սբ. Կլիմենտ Օրհիդսկու անվան համալսարանի մագիստրոսական, դոկտորական և հետդոկտորական հետազոտությունների «Վիա Եվրասիա» կենտրոնի հետ, որի ներկայացուցիչը ևս այս տարի դասախոսությամբ հանդես էր եկել «Ամբերդում» և պայմանավորվածություն էր ձեռք բերվել խորացնելու երկկողմանի կապերը: Այստեղ լայն դաշտ է ստեղծվում գիտական համատեղ աշխատանքների համար: Միջազգային կապերը մեզ համար կարևոր են, սակայն պակաս կարևոր չէ նաև հայաստանյան կազմակերպությունների հետ համագործակցությունը: Այստեղ մենք պատիվ ունենք համագործակցություն հաստատելու «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց «Ամբերդ» կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ. Վարդան Աթոյանը:
Գործակցային կապերի ընդլայնման առումով կենտրոնը շարունակում է աշխատանքները:
Նոր խորագիր կարող եք այցելել հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//գործընկերներ-1992:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին