Միչիգանի համալսարանի պրոֆեսորը հյուրընկալվել է «Ամբերդում»
24.10.2014
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1558
Հայաստանում է Միչիգանի համալսարանի Սոցիալական գիտությունների և հայագիտության հետազոտական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Սանջյանը, ով այսօր հյուրընկալվել էր ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում: «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ. Վարդան Աթոյանը, դիմավորելով հյուրին, ներկայացրեց «Ամբերդ» կենտրոնի գործունեությունը, ծրագրերը: Արա Սանջյանը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ աշխատակիցների հետ, ապա «Ամբերդի» խորհրդակցությունների սրահում ներկայացրեց Միչիգանի համալսարանի Սոցիալական գիտությունների և հայագիտության հետազոտական կենտրոնի գործունեությունը, նպատակները, խնդիրները: Խոսելով տարբեր երկրների գիտնականների համագործակցության մասին՝ պրոֆեսորը կարևորեց գիտնականների՝ միջազգային ամսագրերում հոդվածների հրապարակումը:
Քննարկվեցին երկու համալսարանների (ՀՊՏՀ-ի և Միչիգանի համալսարանի) հետազոտական կենտրոնների համագործակցության հնարավորությունները, հեռանկարները, ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ:
Վարդան Աթոյանը Արա Սանջյանին նվիրեց իր հեղինակած գրքերից և ««Ամբերդ» մատենաշարի» մենագրությունների օրինակներ: Պրոֆեսորը հույս հայտնեց, որ համագործակցության շրջանակներում կրկին կհյուրընկալվի «Ամբերդում», հանդես կգա դասախոսություններով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդ նորություններն` այստեղ
Նախորդ նորություններն` այստեղ