ՀՊՏՀ-ԱրՊՀ. եռօրյա այցի շրջանակներում
Արցախի պետական համալսարան եռօրյա այցի շրջանակներում մինչև հոկտեմբերի 25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է գտնվելու ՀՊՏՀ պատվիրակությունը: Արցախի պետական համալսարան ՀՊՏՀ պատվիրակության այցը երկու համալսարանների միջև համագործակցության արդյունքում է:
Այցելության շրջանակներում նախատեսված է նաև ԱրՊՀ-ում տնտեսագիտական մասնագիտության 25-ամյանին նվիրված միջոցառումների շարք: ՀՊՏՀ պատվիրակության մի քանի անդամներ՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, երեկ արդեն ԱրՊՀ-ում հանդես են եկել ակնարկային դասախոսություններով: Այսօր ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ Արցախ մեկնեց պատվիրակության նոր խումբ:
Վաղը՝ հոկտեմբերի 24-ին, նախատեսվում է միջոցառումների ընդարձակ ծրագիր՝ հանդիսություն, ելույթներ, զեկուցումներ ու գիտական ընթերցումներ, սեմինար, պարգևատրման արարողություն, ֆիլմի ցուցադրում և այց զորամաս:
Նշենք, որ ՀՊՏՀ և Արցախի պետական համալսարանի միջև 2014թ. ապրիլի 15-ին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Այս տարվա ամռանը ՀՊՏՀ ղեկավարության հրավերով ՀՊՏՀ Դիլիջանում գտնվող մարզաառողջարանում հանգստացել են ԱրՊՀ ուսանողներ, հոկտեմբերի 3-ին ՀՊՏՀ-ում հյուրընկալվեցին ԼՂՀ վարչապետ, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը: Փոխադարձ այցի օրակարգը ևս հագեցած է: Բացի վերը նշվածից, ՀՊՏՀ-ն ԱրՊՀ-ին կնվիրի գրականություն և համակարգչային տեխնիկա: Փոխգործակցության օրակարգում են նաև համատեղ այլ նախագծեր, որոնց մասին կհայտնենք հաջորդիվ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին