«Ամբերդում» ուսումնասիրվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի բարելավման ուղիները

Դիտումների քանակ՝ 2012

«Ամբերդ»  հետազոտական կենտրոնի  «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի լավարկման (օպտիմալացման) առաջարկությունների մշակում» հետազոտական ծրագրի շրջանակում այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցավ գիտական սեմինար: Հետազոտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սուվարյանը, խմբի անդամներն են՝ տնտեսագիտության թեկնածուներ, դոցենտներ  Գագիկ Ասլանյանը, Ռուբեն Հայրապետյանը, տնտեսագիտության թեկնածուներ, ասիստենտներ Սարգիս Ասատրյանցը, Տիգրան Մնացականյանը, ասիստենտ Միքայել Սաֆարյանը, մագիստրանտներ Արաքս Ավետիսյանը և Անահիտ Մատինյանը:

Սեմինարին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի  տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակազմը, աշխատակիցներ, ուսանողներ:

Գագիկ Վարդանյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ ՀՊՏՀ-ում գիտահետազոտական աշխատանքները լայն թափ են ստանում, գիտական գործունեության աննախադեպ ակտիվություն է նկատվում: Պրոռեկտորն անդրադարձավ նաև գիտաուսումնական խմբերի  գործունեությանը՝ նշելով, որ առկա քայլերն ուղղված են էորակյալ կրթության ապահովմանը: Ներկաներին ողջույնի խոսք ասաց հետազոտական խմբի ղեկավար  Յուրի Սուվարյանը, ով ներկայացրեց խմբի կողմից կատարվող հետազոտության հիմնական նպատակները, խմբի անելիքներն ու աշխատանքը: Նա նշեց, որ սեմինարին ներկայացվում է թիմային աշխատանքի արդյունքը , ապա ընդգծեց, որ խմբի կողմից ներկայացվող առաջարկները բավականին ուշագրավ են:

Սեմինարի բանախոսներն էին Սարգիս Ասատրյանցը և Տիգրան Մնացականյանը: «Օրենսդիր մարմնում բարեփոխումների հիմնական ուղղությունները»  վերտառությամբ զեկույցով հանդես եկավ Սարգիս Ասատրյանցը, իսկ Տիգրան Մնացականյանը  խոսեց գործադիր իշխանության կառուցվածքային խնդիրների մասին: Երկու բանախոսներն էլ խմբի անունից հնչեցրին առաջարկներ:

Թեմայի ներկայացումից հետո ծավալվեց քննարկում, սեմինարի մասնակիցները  հայտնեցին իրենց տեսակետներն ու հարցեր հղեցին, ի պատասխան՝ բանախոսները հանդես եկան պարզաբանումներով:

Հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ նշելով, որ սեմինարի բանավիճային ընթացքը հետազոտական  թեմայի կատարողներին  մղում է էլ ավելի արդյունավետ աշխատանքի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին