«Էխո» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպեցին ՀՊՏՀ դասախոսների հետ
«Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» ծրագրի շրջանակներում այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հյուրընկալվել էին «Էխո» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ դասախոսների հետ քննարկելու հաշմանդամություն ունեցող ուսանողների բուհական կրթության հարցերը: Հանդիպումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:
Հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող «Էխո» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց ծրագիրը՝ նշելով, որ սոցհարցումների արդյունքում ընտրվել են 5 բուհական հաստատություններ, որտեղ անցկացվում են հանդիպումներ ուսանողների և դասախոսների հետ. դրանցից մեկն էլ ՀՊՏՀ-ն է: ՀԿ նախագահի խոսքով՝ հանդիպման նպատակն է վերհանել և ամրագրել այն խնդիրները, որոնց հաշմանդամություն ունեցող ուսանողները կարող են առնչվել բուհում: «Էխո» ՀԿ սոցիոլոգ Արմենուհի Կազարյանը հանդես եկավ հարցադրումներով, ի պատասխան՝ ՀՊՏՀ դասախոսները պարզաբանեցին թեմային առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք քննարկվեցին հաշմանդամ ուսանողների հոգեբանական խնդիրները, անդրադարձ եղավ դասախոս-ուսանող հարաբերություններին, դասախոսի՝ հաշմանդամ ուսանողի նկատմամբ պատշաճ վերաբերմունքին, կրթությունը նրանց հասանելի դարձնելու հետ կապված մի շարք հարցերի:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Սերյոժա Օհանջանյանն ասաց, որ բուհերի հետ հանդիպումներից հետո, ուսանողների և դասախոսների հետ քննարկումներից ստացված տվյալների հիման վրա կկազմվի զեկույց, որը նախատեսվում է հրապարակել դեկտեմբերի 2-ին: Զեկույցի հիման վրա առաջարկներ կներկայացվեն՝ միտված հաշմանդամություն ունեցող անձանց բուհական կրթության մատչելի դարձնելուն ու ոլորտի բարելավմանը:
Այսպիսով, ծրագրի նպատակն է օժանդակել հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի իրացմանը:
Հիշեցնենք, որ նույն կազմակերպության ներկայացուցիչները ՀՊՏՀ-ում հանդիպել էին նաև ուսանողների հետ:
Հաջող ընթացք ենք մաղթում ծրագրի իրականացմանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին