ՀՊՏՀ-ում կայացել է «START» միջբուհական աշխատաժողովը

Դիտումների քանակ՝ 1114

Հոկտեմբերի 18-19-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվել է  «START-ավելի բանիմաց ուսանողներ. սկսիր այսօր» խորագրով  միջբուհական ուսանողական աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցել են 60 ուսանողներ՝ հայաստանյան տարբեր բուհերից:

Ինչպես տեղեկանում ենք ՀՊՏՀ Ուսանողական խորհրդից՝ աշխատաժողովի բացումը կատարել են  բուհի ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը և ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը: Երկօրյա աշխատաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել  ինչպես  ՀՊՏՀ դասախոսներ, այնպես էլ  հայաստանյան հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ուսանողներին պատկերավոր օրինակների միջոցով ներկայացնելով հետաքրքիր փաստեր և դեպքեր իրենց բնագավառներից, իրենց փորձից:  Աշխատանքային լսարաններ է այցելել և աշխատաժողովին  հետևել է գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում պրոռեկտորը նշեց, որ երկօրյա աշխատաժողովը  հնարավորություն տվեց ուսանողներին բացահայտելու իրենց կարողությունները, առաջադրելու գաղափարներ, որոնք գործնական նշանակություն ունեն ինչպես կրթական գործընթացի կազմակերպման, այնպես էլ ուսանողների աշխատանքային առաջընթացի համար: «Ուրախալի է, որ ուսանողները մեծ ոգևորությամբ էին ներգրավվել աշխատանքային խմբերում, հետաքրքիր հարցադրումներ էին անում ու ելույթներ ունենում: Կարծում եմ, որ նման աշխատաժողովները պետք է մշտական լինեն ու հետզհետե դրանցում ավելի ու ավելի շատ ուսանողներ ներգրավեն, քանի որ, նման նախաձեռնությունները, ըստ էության, նպաստում են ուսանողների հաղորդակցման և ստեղծարար հմտությունների զարգացմանը»,- ասաց Գագիկ Վարդանյանը:

Ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր  Սևակ Խաչատրյանը մեր բաժնին ասաց, որ աշխատաժողովին ուսանողների հետաքրքրվածությունը մեծ էր, մասնակիցները տպավորված են եղել թե՛ հրավիրված մասնագետների ելույթներից, թե՛ առանձին խմբային աշխատանքներից: «Այս ուսանողական աշխատաժողովը հնարավորություն տվեց նախապես ընտրված թեմաների շրջանակներում սովորել այն ամենը, ինչը իրենք չեն սովորում լսարաններում: Նաև հնարավորություն տրվեց ամրապնդել թիմային աշխատանք հասկացողությունը, ինչը հետագա ուսումնական գործընթացում անհրաժեշտ է լինելու ցանկացած ուսանողի: Ես ողջունում եմ ուսանողական խորհրդի նմանատիպ ծրագրերը և հույս հայտնում, որ հետագայում նույնպես ականատեսն ենք լինելու այսօրինակ գիտական, կրթական ծրագրերի: Կարծում եմ աշխատաժողովը ծառայեց իր նպատակին և ընտրված կարգախոսին, այն էր՝ ավելի բանիմաց ուսանող»,- ասաց նա:

Աշխատաժողովն ամփոփվել է հոկտեմբերի 19-ին՝ մասնակիցներին հավաստագրերի հանձնման արարողությամբ:

Նշենք, որ աշխատաժողովը ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված միջոցառումներից է, նախաձեռնել էր բուհի  ուսանողական խորհրդի  ուսումնագիտական հանձնաժողովը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին