Ռազմահայրենասիրական թեմաներով բաց դասեր՝ ուսանողների բանախոսությամբ. «Նժդեհ» ակումբի նոր նախաձեռնությունը
ՀՊՏՀ զոհված 13 ազատամարտիկների կյանքին, գործունեությանը ուսանողներն այսուհետ քաջ ծանոթ կլինեն. «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որի մեկնարկը տրվեց այսօր: Բաց դասի ձևաչափով բուհում կանցկացվեն ՀՊՏՀ զոհված ազատամարտիկների կյանքին ու գործունեությանը նվիրված ցերեկույթներ: ՀՊՏՀ զոհված ազատամարտիկների անվան նորաբաց լսարանում այսօր անցկացված դասը նվիրված էր Դերենիկ Գարիկի Աբրահամյանին (Ատոմ, ծնվել է Գառնի գյուղում):
Ուսանողներին ողջունեցին «Նժդեհ» ակումբի նախագահ Զավեն Խուկեյանը, ապա՝ փոխնախագահ Գրիգոր Ոսկերչյանը, այնուհետև մարքեթինգի 2-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Ղազարյանի բանախոսությամբ ներկայացվեց զոհված ազատամարտիկի կյանքը, ուշագրավ փաստեր: Դերենիկ Աբրահամյանը (1968-1990թթ.) Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող էր, երբ մեկնեց ու մասնակցեց Արցախյան շարժմանը: Ատոմը 1989 թվականին մի խումբ համախոհների հետ կազմավորել է «Նժդեհ» կամավորականների ջոկատը:
Դասի ընթացքում ցուցադրվեց նաև Ատոմին նվիրված տեսանյութ, ընթերցվեց նրա բանաստեղծություններից:
Նշենք, որ Նժդեհ ակումբի կողմից կազմակերպվող առաջին բաց դասը նվիրված էր Դերենիկ Աբրահամյանին, քանի որ նա ՀՊՏՀ 1-ին զոհված ազատամարտիկն է:
Հիշեցնենք, որ Դերենիկ Աբրահամյանի պատվին Գառնի գյուղի դպրոցը անվանվել է «Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոց»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին