Հայ մամուլի օրը՝ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում

Դիտումների քանակ՝ 1138

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում (որը պատրաստում է նաև բուհի պաշտոնական ամսագիրը՝ «Տնտեսագետ»-ը) այսօր տոնական տրամադրություն էր. «տանտերերը և հյուրերը» նշում էին Հայ մամուլի օրը: Մեր համալսարանում նույնպես աշխատում են մարդիկ («Տնտեսագետ» ամսագիր, «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդես, գիտահրատարակչական ու արտադրական բաժիններ), ովքեր մասնակից են հայագիր մամուլի ստեղծման` կազմակերպականից մինչև լրագրողական, խմբագրական ու տպագրական գործունեություն: Օրվա առիթով այսօր բաժին այցելեցին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուդիկ Կարապետյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը,  «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, հանդեսի պատասխանատու քարտուղար Գոհար Հովհաննիսյանը, գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, տպարանի աշխատակիցները, ամսագրի թղթակից-հեղինակները,  մեկ խոսքով՝ մարդիկ, որոնք իրենց նպաստն են բերում բուհական մամուլի ստեղծմանը, աջակցում են, գնահատում ու ոգևորում:

Բուհական մամուլի ներկայացուցիչներին շնորհավորանքի խոսք ասացին պրոռեկտորները, ընդգծեցին հայ մամուլի դերը, գնահատանքի խոսքեր հնչեցրին ստորաբաժանման կատարած աշխատանքի կապակցությամբ, մաղթեցին աշխատանքային հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:

Հիշեցնենք՝ ՀՀ Կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես «Մամուլի աշխատակցի օր», հետագայում՝ «Հայ մամուլի օր»: Հոկտեմբերի 1794 թ 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հարություն Շմավոնյանի ջանքերով լույս է տեսել առաջին հայատառ պարբերականը՝ «Ազդարարը»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին