Կայացել է «ՀՊՏՀ գավաթ -2014» միջբուհական մրցույթ –փառատոնը

Դիտումների քանակ՝ 1155

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվող ամենամյա «ՀՊՏՀ գավաթ» միջբուհական ինտելեկտուալ մրցույթ փառատոնն այս տարի նվիրված էր ՀՊՏՀ  ուսանողական խորհրդի 20-ամյակին: Մրցույթը կայացել է երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում: «ՀՊՏՀ գավաթ-2014»-ին մասնակցել են  հայաստանյան պետական և ոչ պետական բուհերի 14 թիմեր, որոնք մրցել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ  խաղի շրջանակներում:

Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց «Index PRO» գիտակների թիմի ավագ Հարություն Արզումանյանը՝ Տնտեսագիտական համալսարանը մրցույթին ներկայացել է 2 ՝ «Index PRO» և «НАР-ХОЗ»  թիմերով: Խաղը վարել է  Գիտակների ազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը, ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՊՏՀ ներկայացուցիչները: «Index PRO»-ի ավագի հավաստմամբ՝ լարված մրցապայքար է ընթացել, մրցանակային տեղերը զբաղեցրել են ուժեղագույնները: Առաջին տեղը նվաճել է Երևանի պետական բժշկական համալսարանի թիմը՝ 24 միավորով, երկրորդը՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմը՝22 միավորով, երրորդ հորիզոնականը զբաղեցրել է մեր բուհի «Index PRO» թիմը՝ 19 միավորով:

Հարություն Արզումանյանը նշեց, որ ՀՊՏՀ թիմերը  լավ են  հանդես եկել, սակայն քանի որ շատ էին նորեկները, ավելին՝ «НАР-ХОЗ»  թիմն առաջին անգամ էր մասնակցում մրցույթին, պակասում էին փորձն ու հմտությունը:

«Մեր թիմերի մասնակիցները պետք է անընդհատ աշխատեն իրենց վրա, կարդան, է'լ ավելի զարգանան, որպեսզի առաջիկա ինտելեկտուալ մրցումներում լավագույնս հանդես գանք»,-նշեց թիմի ավագը:

Շնորհավորում ենք մրցանակային երեք տեղերը զբաղեցրած բուհերի թիմերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին