Հայ մամուլի մեծ ընտանիքը այսօր նշում է իր տոնը

Դիտումների քանակ՝ 1043

Հայալեզու առաջին ամսագիրը լույս է տեսել 220 տարի առաջ:

1794 թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում ավագ քահանա Հարություն Շմավոնյանը ձեռնամուխ է լինում «Ազդարար» ամսագրի հրատարակման գործին` դառնալով հայկական լրագրության հայրը: Քաջատեղյակ լինելով տպագրական գործին՝  նա կատարում է և՛ խմբագրի, և՛ գրաշարի, և՛ տպագրողի աշխատանքները, նույնիսկ թուղթն էր ինքը պատրաստում:

«Ազդարարում» արծարծվում էին քաղաքական, հասարակական, բարոյական, մշակութային հարցեր: Լինելով հայրենասեր ու գաղափարակիր ազգային գործիչ՝ Շմավոնյանը համոզված էր, որ իր արածը ազգանվեր գործ է, որով հնարավոր է երիտասարդությանը կրթել ու դաստիարակել հայրենասիրական ոգով, բարձր գիտակցությամբ:

Կարճատև կյանք ունեցավ «Ազդարարը». ընդամենը 18 ամիս և 18 համար՝ ընդհանուր ծավալը՝ 965 էջ և գործեց մինչև 1796 թվականի մարտը: Սակայն այն հիմնաքարը դարձավ հայ մամուլի պատմության ու գոյության և սկզբնավորեց հայատառ ու հայաշունչ նոր ու բազմազան թերթերի, ամսագրերի ծնունդը:

ՀՀ Կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվել և դարձել է «Հայ մամուլի օր»:

Հայ մամուլի ընտանիքը մեծ է ու բազմանդամ, իր չափումներում այն ընդգրկում է ոչ միայն մայր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, այլ ծովերից ու օվկիանոսներից անդին այն բոլոր գաղթօջախները, որտեղ լույս են տեսնում հայերեն պարբերականներ: Այս հզոր ընտանիքում մեծաթիվ են այն մարդիկ, ովքեր իրենց միտքն ու եռանդն են ներդնում և կերտում են հայ մամուլի շարունակական պատմությունը:

Տոնի առթիվ շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին, մաղթում նրանց բեղմնավոր գրիչ, մտքի ճախրանք ու խիզախում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին