«Չկրակված փամփուշտներ» ֆիլմի ցուցադրությամբ «Նժդեհ» ակումբը սկսեց կինոդիտումների շարքը

Դիտումների քանակ՝ 1149

Տնտեսագիտական համալսարանի մեծ դահլիճն այսօր ողողված էր ռազմահայրենասիրական տրամադրությամբ: ՀՊՏՀ ուսանողական խորհրդի «Նժդեհ» ակումբի նախաձեռնությամբ բուհում կազմակերպվեց առաջին կինոդիտումը. մեծ էկրանի վրա ցուցադրվեց «Չկրակված փամփուշտներ» ֆիլմը, որը պատկերում է Արցախյան գոյապայքարի դրվագները: Ֆիլմի բոլոր հերոսները վերապրածներ են, ոչ մի դերասան չկա, միայն գլխավոր հերոսին՝ Աղվանին  մարմնավորել է ուսանող: «Չկրակված փամփուշտներ»-ը նվիրված է Արցախյան ազատամարտում զոհված բանաստեղծ,  Հայաստանի գրողների միության անդամ, Չարենցյան մրցանակի դափնեկիր Աղվան Մինասյանին: 1990-ականներին Արցախի ազատագրության համար մղվող պատերազմում Սիսիանի շրջանից կամավորագրված ազատամարտիկների հրամանատարի կրտսեր եղբայրը՝ Աղվանը, ով երիտասարդ պոետ էր, չէր կարող չմասնակցել հայրենիքի պաշտպանությանը և, մի ձեռքում զենքը, մյուսում՝ գրիչը, մարտնչում է թշնամու դեմ ու հերոսաբար զոհվում: 23-ամյա Աղվանի  հրամանատար եղբայր Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) չի կարողանում կրտսեր եղբորը զերծ պահել պատերազմից: Ինչպես ցուցադրվում է ֆիլմում՝ Աղվանը մանկուց էր ըմբոստ, ծնողները համառության համար նրան «գիժ» էին ասում: Սակայն հայի այս ըմբոստ, իր իրավունքների համար պայքարող, մարտնչող  տեսակների շնորհիվ են անխախտ պահվում հայրենիքի սահմանները:

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողուհի Անահիտ Բաղրամյանը մեզ հետ զրույցում ընդգծեց նմանատիպ կինոդիտումների  անհրաժեշտությունը՝ նշելով, որ այս ֆիլմերի շնորհիվ երիտասարդները  կրկնակի են գիտակցում և արժևորում  հայրենիքի դերը:

«Այս ճանաչողական-ուսուցողական ֆիլմը սովորեցնում է մեզ ճանաչել մեր պատմությունը, ձևավորվել որպես  հայրենասեր անհատ, չհեռանալ մեր արմատներից»,-ասաց ուսանողուհին:

Հիշեցնենք, որ «Նժդեհ» ակումբի դիտակետում ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերն են, և ինչպես նշել է ակումբի նախագահ Զավեն Խուկեյանը՝ հայրենասիրական ֆիլմերի դիտումները միտված են ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանը: Ցուցադրությունները շարունակական են:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին