«Հանրային կառավարման տեսություն և պատմություն» գիրքը՝ նաև անգլերեն
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր գրքի շնորհանդես էր: Համալսարանի ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանի, կառավարման ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վալերի Միրզոյանի, կառավարման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Ռուբեն Հայրապետյանի «Հանրային կառավարման տեսություն և պատմություն» գիրքը և նույն գրքի լրամշակված անգլերեն թարգմանությունը:
Ազդարարելով շնորհանդեսի մեկնարկը՝ ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը նշեց, որ այս գրքերի լույս ընծայումը իրադարձություն է համալսարանի կյանքում և առավել իրադարձային է անգլերեն թարգմանությունը, որն առաջընթաց քայլ է հայ գիտական մտքի ու համալսարանի միջազգայնացման ճանապարհին: Արժևորելով անվանի գիտնական Յուրի Սուվարյանի գլխավորությամբ կատարված աշխատանքը՝ պրոռեկտորը նշեց. «Կասկած չկա, որ այս բնագավառում մեր համալսարանը առաջատար է և՛ հանրապետությունում, և՛ տարածաշրջանում»:
Ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրեց վերջին տասնամյակում իր ղեկավարած ամբիոնի հեղինակած արժեքավոր գրքերը, որոնք նշանավորել են կառավարման դասընթացի և գիտության սկզբնավորումը մեր հանրապետությունում, ապա կանգ առավ վերջին՝ «Հանրային կառավարման տեսություն և պատմություն» աշխատության վրա: Նա նշեց, որ այն առաջին ամբողջական փորձն է լուսաբանելու հանրային կառավարման էությունն ու մեթոդաբանությունը, ներկայացնելու դրա զարգացման ընթացքը, անդրադառնալու 5-20-րդ դարերի հայ կառավարչական մտքին ու պետական կառավարման կայացման առանձնահատկություններին: Անգլերեն թարգմանության վերաբերյալ Յուրի Սուվարյանը նշեց, որ այն արժանացել է թարգմանիչ-մասնագետների հավանությանը, իսկ թարգմանել է համահեղինակներից մեկը՝ Ռուբեն Հայրապետյանը, ապա ավելացրեց, որ անգլերեն տարբերակը օտար հանրությանը հայ գիտնականների գաղափարները ներկայացնում է պատշաճորեն, ինչպես նաև ցույց տալիս, թե ինչպիսի պետական կառավարման համակարգ է ունեցել մեր ժողովուրդը:
Ելույթ ունեցավ պրոֆեսոր Վալերի Միրզոյանը: Նա ընդգծեց, որ ներկայացված գրքերը գալիս են լրացնելու այն բացը, որ կար հայագիտության բնագավառում, ինչպես նաև ամբողջական ներկայացնելու հայ կառավարչական մտքի պատմությունը: Նա նշեց, որ գրքի 5-րդ՝ «Լեզուն և խոսքը հանրային կառավարման համակարգում» գլխում կարևորվում է լեզվի դերը՝ որպես հանրային իրողություն, որպես «հանրության շաղախման» միջոց:
Դոցենտ Ռուբեն Հայրապետյանն իր խոսքում ընդգծեց, որ անգլերեն թարգմանությունը հայերեն բնօրինակից տարբերվում է մասնակցային կառավարմանը վերաբերող հատվածով, որտեղ մասնակցային կառավարման հիմնադրույթներով փորձ է արվել ներկայացնել հայ կառավարչական միտքը:
Կառավարման ամբիոնի գիտնականների աշխատանքը և դրա արգասիքը արժևորեց փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանը՝ այն համարելով շնորհակալ գործ՝ աշխարհին ներկայանալու առումով, ինչպես նաև ընդօրինակելի:
Շնորհավորում ենք հեղինակներին, մաղթում հետագա հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին