ՀՊՏՀ շուրջ 500 ուսանողներ՝ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունների ակտիվ մասնակից

Դիտումների քանակ՝ 1381

Այս տարի, հոկտեմբերի 12-ին  քաղաքամայր Երևանը նշեց հիմնադրման 2796-ամյակը: «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններից  անմասն չեն  մնացել նաև ՀՊՏՀ-ականները, որոնք, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, հանդես են եկել մի շարք միջոցառումներով: ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի փոխանցմամբ՝ մայրաքաղաքի տոնին մասնակցել են ՀՊՏՀ շուրջ 500 ուսանողներ:

Ինչպես տեղեկանում ենք ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջից՝  հոկտեմբերի 12-ի առավոտյան  ՀՊՏՀ ներկայացուցիչները, ուսխորհրդի նախաձեռնությամբ, հավաքվել են բուհի բակում, որտեղ նրանց բաժանվել են տոնը խորհրդանշող իրեր (պաստառներ, փուչիկներ, շապիկներ և այլն), ապա զվարթ քայլերով  ուղևորվել դեպի քաղաքապետարանի բակ, որտեղ մասնակցել են  օրվա միջոցառումների մեկնարկին: ՀՊՏՀ ուսանողներն իրենց երթը ավարտել են միասնականություն ու համախմբվածություն խորհրդանշող  գեղեցիկ պարով:

Տնտեսագիտական համալսարանի ուսանողները նաև տոնին ընդառաջ են միջոցառումներ նախաձեռնել: Հոկտեմբերի 9-ին ՀՊՏՀ «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի ներկայացուցիչներն այցելել են  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ ծանոթացել են Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրման ու թանգարանի ստեղծման պատմությանը, պեղումների ընթացքում գտնված ուրարտական սեպագիր արձանագրություններին, հնագույն իրերին ( թանգարանում պահվում են ուրարտական և վաղ հայկական ժամանակաշրջանների շուրջ 11295 հնագիտական առարկաներ): Ուսանողները շրջել են Արին Բերդ ամրոցում:

Հոկտեմբերի 10-ին «Հայ Արտ» մշակութային կենտրոնում  տեղի է ունեցել  ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողուհի Ժենյա Խաչատրյանի՝ «Մեր տան սյուները» խորագրով  ցուցահանդեսը՝ նվիրված Երևան քաղաքի 2796 ամյակին:

Ուսանողուհու նկարներում ներկայացվել են մեր երկրի կայացման գործում իրենց նպաստն ունեցած անձանց, հերոսների դիմանկարներ (ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, Արգիշտի Առաջին, Արտաշես Առաջին, Տիգրան Մեծ, Հայաստանի ազգային հերոսներ Վիտյա Այվազյան և ուրիշներ): Ցուցահանդեսին դասական երաժշտության կատարումներով  հանդես են եկել  մեր բուհի շնորհալի ուսանողները, ցուցահանդեսը եզրափակվել է ՀՊՏՀ ուսանողուհու ասմունքով:

Ֆինանսական և կառավարման ֆակուլտետների ուսանողները մայրաքաղաքի հանդեպ  իրենց սերն  արտահայտել են տոնին նվիրված  «Երևան՝ իմ տուն» վերտառությամբ տեսահոլովակներով:  Կառավարման ֆակուլտետի հոլովակին կարող եք ծանոթանալ հետևյալ ՝ https://www.youtube.com/watch?v=rRl2ga4lEZk&feature=youtu.be, ֆինանսական ֆակուլտետի հոլովակին՝  https://www.youtube.com/watch?v=bXoPXBCGWwI հղումներով:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Սերգեյ Խառատյանը կարևորեց երիտասարդների, ուսանողների ակտիվությունն ու մասնակցությունը մայրաքաղաքի տոնին նվիրված միջոցառումներին: «Երիտասարդներն են ազգի ապագան, շարժիչ ուժը, ուստի նաև նրանք  պետք է հայրենասիրություն սերմանեն, օրինակ ծառայեն հայրենակիցների համար: Իրենց կազմակերպած բազմաբնույթ միջոցառումներով ուսանողները հայրենիքի հանդեպ  իրենց սերն են արտահայտում: Բոլորը շատ ոգևորված և խանդավառ էին»,-ասաց Ուխ նախագահը:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Հայաստանի և աշխարհասփյուռ բոլոր հայերին՝ մայրաքաղաքի տոնի առթիվ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին