Տնտեսագիտական սոցիոլոգիայի էությունը ուսանողներին ներկայացրեց ռուսաստանցի պրոֆեսորը

Դիտումների քանակ՝ 2074

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում այսօր տեղի ունեցավ դասախոսություն՝ սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Դաշնության «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական  համալսարանի սոցիոլոգիական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր, «Мир России» ամսագրի գլխավոր խմբագիր Սվետլանա Բարսուկովայի բանախոսությամբ: Դասախոսությանը մասնակցում էին ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, աշխատակիցներ, ուսանողներ՝ բակալավրիատից և մագիստրատուրայից:

Դասախոսության թեման էր  «Ի՞նչ է տնտեսագիտական սոցիոլոգիան կամ ինչո՞ւ են սոցիոլոգներն ուսումնասիրում տնտեսությունը, եթե կան տնտեսագետներ»: Պրոֆեսորը նախ ներկայացրեց  սոցիոլոգիան որպես առարկա, դրա ուսումնասիրության օբյեկտները, խնդիրները, նպատակները, ապա կարևորելով սոցիոլոգի մասնագիտությունը՝ նշեց դրա առանձնահատկությունները: Անդրադարձ կատարելով տնտեսագիտական  սոցիոլոգիային՝  Սվետլանա Բարսուկովան բացատրեց կապը տնտեսագիտության և սոցիոլոգիայի միջև, ինչպես նաև տնտեսագետի և տնտեսագիտական սոցիոլոգիայով զբաղվող մասնագետի գործունեության ոլորտները, ուսումնասիրության օբյեկտները:

Ըստ պրոֆեսորի՝ տնտեսագիտական սոցիոլոգիան ուսումնասիրում է տնտեսական ոլորտում մարդկանց վարքը, հետազոտում, վերլուծում է այն և դրա հիման վրա մշակում տեսություն, որը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը: Տնտեսագետ-սոցիոլոգի խնդիրն է նաև վերհանել այն պատճառներն ու հիմքերը, որոնք մղում են մարդուն դրսևորել այս կամ այն վարքը: Ինչպես ներկայացրեց Սվետլանա Բարսուկովան տնտեսագիտական սոցիոլոգիան սոցիոլոգիայի մի ճյուղ է, ինչպես օրինակ, քաղաքական, ընտանեկան սոցիոլոգիան: Թեման ներկայացվեց օրինակներով: Բանախոսը պատասխանեց ներկաների հարցերին, նաև անձամբ հարցադրումներ ներկայացրեց նրանց:

Դասախոսությունը հետաքրքիր էր ուսանողների համար. այս մասին հավաստեցին նրանք: Կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Բաբայանը լրատվության և հասարակայնության հետ կապերի  բաժնին ասաց, որ դասախոսությունը նպաստում է ուսանողի համակողմանի զարգացմանը. «Մինչև դասախոսությանը մասնակցելը գիտեի պարզապես տնտեսագիտական սոցիոլոգիա հասկացության մասին, իսկ այժմ տվյալ մասնագիտությանն առնչվող գիտելիքների զգալի պաշար ունեմ»,-նշեց ուսանողուհին:

Հիշեցնենք, որ Սվետլանա Բարսուկովան ՀՊՏՀ-ում է երկօրյա դասախոսություններով՝ «Ի՞նչ է ոչ ֆորմալ տնտեսությունը: Խոչընդոտո՞ւմ, թե՞ օգնում է այն պաշտոնական տնտեսությանը»  և «Ի՞նչ է տնտեսագիտական սոցիոլոգիան կամ ինչո՞ւ են սոցիոլոգներն ուսումնասիրում տնտեսությունը, եթե կան տնտեսագետներ» թեմաներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին