Ոչ ֆորմալ տնտեսությունը՝ ռուսաստանցի գիտնականի վերլուծությամբ

Դիտումների քանակ՝ 1519

«Ի՞նչ է ոչ ֆորմալ տնտեսությունը: Խոչընդոտո՞ւմ, թե՞ օգնում է այն պաշտոնական տնտեսությանը»  թեմայով այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում հանդես եկավ սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Դաշնության «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական  համալսարանի սոցիոլոգիական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր, «Мир России» ամսագրի գլխավոր խմբագիր Սվետլանա Բարսուկովան: Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժ/պ Գրիգոր Նազարյանը, ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի աշխատակիցները:

Հյուրին համալսարանի ուսանողներին ու դասախոսներին ներկայացրեց  պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Խոսելով «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական  համալսարանի մասին՝ պրոռեկտորը նշեց, որ, ըստ էության, նորաստեղծությունների տեսանկյունից այն Ռուսաստանի թիվ 1 բուհն է՝ երիտասարդ ու հեղինակավոր: Անդրադառնալով օրվա բանախոսին և թեմային՝ Գագիկ Վարդանյանն ասաց, որ ռուսաստանցի անվանի գիտնականն արծարծելու է կարևոր և ուշագրավ հիմնախնդիր, որը հետաքրքրում է ոչ միայն մասնագետներին, այլև ամբողջ հասարակությանը, և ունկնդիրները կարող են բանախոսին ուղղել իրենց հետաքրքող հարցերը:

Սվետլանա Բարսուկովան ներկայանալով նշեց, որ ինքը տնտեսագիտական բազային կրթությամբ սոցիոլոգ է և օրվա թեման՝ ոչ ֆորմալ տնտեսության հիմնախնդիրները, ուսումնասիրում է տնտեսագիտական սոցիոլոգիայի առավել վերլուծական տեսանկյունից: Բանախոսը նկատեց, որ այդ թեմային մեզ բոլորիս մերձեցնում է կենցաղային, առօրեական փորձառությունը, ապա բացահայտելով ոչ ֆորմալ տնտեսության էությունը՝ որպես ֆորմալ կարգավորիչների, այսինքն՝ օրենքների ու նորմերի սահմանից այն կողմ ձևավորվող գործունեություն, անդրադարձավ դրա տեսակներին, վերլուծեց տեսական այն դրույթները, որոնք տեսաբան գիտնականները ձևավորել են այս երևույթի ուսումնասիրության շուրջ: Նա վեր հանեց այն վտանգը, որ ներկայացնում է ոչ ֆորմալ տնտեսությունը, ինչպես նաև՝ դրա դերը պաշտոնական տնտեսության կազմում:

Ամփոփելով՝ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Սվետլանա Բարսուկովային՝ օգտակար ու հետաքրքական դասախոսության համար:

Տեղեկացնում ենք՝ վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին,  ՀՊՏՀ միջազգային  ծրագրերի  իրականացման կենտրոնում (Տեմպուսի սրահ) Սվետլանա Բարսուկովան հանդես կգա «Ի՞նչ է տնտեսագիտական սոցիոլոգիան կամ ինչո՞ւ են սոցիոլոգներն ուսումնասիրում տնտեսությունը, եթե կան տնտեսագետներ» թեմայով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին