Ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերը՝ ՀՊՏՀ «Նժդեհ» ակումբի դիտակետում
ՀՊՏՀ ուսանող-ազատամարտիկների անվան լսարանի ստեղծում, այցելություն «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, մասնակցություն «Գաղափարի ուժը» ֆիլմի պրեմիերային. սրանք ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանում ստեղծված «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի վերջին նորություններն են: Ակումբը, որի առաքելությունն է ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը բարձրացնելը, պարբերաբար կազմակերպում է տարբեր միջոցառումներ:
2014-2015 ուսումնական տարում ակումբն արդեն կազմակերպել է այցելություն «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, ապա մասնակցել է «Մոսկվա» կինոթատրոնում կայացած «Գաղափարի ուժը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերային, որտեղ ուսանողները նաև հանդիպել են Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս):
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում «Նժդեհ» ակումբի ղեկավար, կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Զավեն Խուկեյանը ներկայացրեց ակումբի առաջիկա անելիքները:
«Քանի որ բուհական կրթությունը չի ներառում «Զինվորական պատրաստություն» առարկան, ակումբն իր առջև խնդիր է դրել նաև որոշակիորեն լրացնել ուսանողների ռազմական գիտելիքները: Առհասարակ, ոգոշնչված ենք ռազմական, քաղաքական, պետական գործիչ Նժդեհի գաղափարներով և ցանկանում ենք այդ հայրենասիրությունը, ազգին նվիրվելու վեհ հատկանիշը, նժդեհյան ոգին ու շունչը փոխանցել երիտասարդներին, մասնավորապես ուսանողներին: Ցանկանում ենք ակումբում ներգրավել մեր բուհի հայրենասեր ուսանողներին: Առաջիկայում ևս կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ. այս կիսամյակի համար նախատեսում ենք հայրենասիրական ֆիլմերի դիտումներ, ռազմական ոլորտի անվանի մարդկանց մասնակցությամբ բաց դասեր, դասախոսություններ և այլն: Գաղափարները շատ են, մնում է իրագործել»,-ասաց Զավեն Խուկեյանը:
Նշենք, որ «Նժդեհ» ակումբի նախաձեռնությամբ բուհում ստեղծվել է նաև ՀՊՏՀ ուսանող-ազատամարտիկների անվան լսարան, որի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին հանդիսավոր կերպով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի մասնակցությամբ: Ակումբի անունը կապվում է այն փաստի հետ, որ արցախյան շարժման տարիներին ՀՊՏՀ ուսանողների՝ Արցախ մեկնած 1-ին կամավորական ջոկատը կրել է «Նժդեհ» անունը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին