ՀՀ տարածքային համաչափ զարգացման հիմնախնդիրները հետազոտվում են «Ամբերդում»

Դիտումների քանակ՝ 3138

«Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր հերթական ընթացիկ գիտական սեմինարն էր՝ «ՀՀ տարածքային համաչափ զարգացման ներուժը»  խորագրով, որին մասնակցում էին կենտրոնի աշխատակիցները՝ տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ, դասախոսներ, ուսանողներ:

Նշենք, որ «ՀՀ տարածքային համաչափ զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները»  թեման հետազոտող խմբի ղեկավարն է ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանը, խմբի անդամներն են տ.գ.թ., դոցենտներ Կարեն Հակոբյանը, Դիանա Գալոյանը, Նարեկ Կեսոյանը, տ.գ.թ., ասիստենտներ Ժորա Սարգսյանը, Լուսինե Աղաջանյանը, դասախոս Թագուհի Օհանյանը, մագիստրանտներ  Մասիս Զարգարյանը, Սևակ Խաչատրյանը, Նարեկ Պետրոսյանը:

Ինչպես նշեցին բանախոսները՝ հետազոտական խմբի նպատակն է ՀՀ տնտեսական ենթատարածքների սոցիալ-տնտեսական անհամաչափության պատճառների, տնտեսական զարգացան անհամամասնությունները մեղմելու կամ չեզոքաց­նելու հնարավոր ուղիների սահմանումը, դրանց լիարժեք իրացման ուղղությամբ առաջարկությունների ու մեթոդական երաշխավորությունների, ինչպես նաև «Ենթատարածքային տնտեսական աճի կենտրոններ» մոդելի մշակումը:

Զոյա Թադևոսյանը ներկայացրեց տարածքային քաղաքականության տեսական հիմնադրույթները, ինչպես նաև դրա գործնական դրսևորումները: Թագուհի Օհանյանը թեմայի շրջանակներում  անդրադարձավ միջազգային փորձին՝ վերլուծելով Եվրամիության անդամ երկրների և հետխորհրդային երկրների  տարածաշրջանային զարգացման հիմնախնդիրների լուծմանն  ուղղված քաղաքականությունը: Այս համատեքստում խոսվեց նաև ՀՀ-ում մշակված տարածքային համաչափ զարգացման հայեցակարգի մասին: «Տարածքային զարգացման ներուժի գնահատումը» թեմայով հանդես եկան Ժորա Սարգսյանը և  Լուսինե Աղաջանյանը՝ ներկայացնելով ՀՀ մարզերի և մարզի կարգավիճակ ստացած Երևան քաղաքի ժողովրդագրական տվյալները, օգտակար հանածոներով հագեցվածությունը, կենսամակարդակը և այլն: Խմբի անդամները առանձին-առանձին վերլուծեցին հանրապետության մարզերը, ներկայացրեցին  ուշագրավ վիճակագրական փաստեր (գործազրկության մակարդակ, միջին աշխատավարձի չափ և այլն): Կարեն Հակոբյանը ներկայացրեց տարածքային համաչափ զարգացման գործոնային վերլուծությունը, հանդես եկավ առաջարկներով և այլն:

Հետազոտական կենտրոնի ղեկավարը հաջողություն մաղթեց խմբի անդամներին՝ կոչ անելով հնարավորինս ճշգրիտ  գնահատել ՀՀ-ի տարածքային զարգացման ներուժը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին