ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը ներկայացրել է բուհը «Բերքի տոնին»

Դիտումների քանակ՝ 1137

ՀՀ Վայոց ձորի մարզում հոկտեմբերի 5-ին  տեղի է ունեցել համաքաղաքային գեղեցիկ միջոցառում՝ «Բերքի տոն», որին մասնակցել են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ներկայացուցիչները՝ տնօրեն Սոս Խաչիկյանի գլխավորությամբ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց Սոս Խաչիկյանի հետ, ով ներկայացրեց մասնաճյուղի մասնակցությունը մշակութային տոնին:

«Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, արդեն 2-րդ անգամ, Վայոց ձորում անցկացվեց համաքաղաքային, մշակութային «Բերքի տոնը»: Մարզպետարանի որոշմամբ, այն անց է կացվում մարզի խոշոր համայնքներում, որոնցից մեկն էլ Եղեգնաձորն է:

Տոնն ունի գեղեցիկ խորհուրդ. այն է՝  տարբեր կազմակերպություններ (պետական և ոչ պետական), ներկայացնում են  տարվա իրենց ձեռքբերումները: Մեր մասնաճյուղը  մեծ սիրով մասնակցեց տոնին՝ ՀՊՏՀ տաղավարում ցուցադրելով մասնագիտական հրատարակություններ, մեր կազմակերպած հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածուներ, ուսանողների ուսումնական, մարզական նվաճումները  (պատվոգրեր, գավաթներ, մեդալներ և այլն), ձեռքի աշխատանքներ, բուհի առօրյան պատկերող լուսանկարներ: Մեր տաղավարի հանդեպ մեծ հետաքրքրություն կար. ապագա դիմորդների ծնողներ էին մոտենում և հետաքրքրվում  բուհով, առաջարկվող մասնագիտություններով: Մասնաճյուղը մասնակցել է նաև ավտոմեքենաներով շքերթին՝ ՀՊՏՀ խորհրդանշական  պաստառով»,- ներկայացրեց տնօրենը: Վերջինիս փոխանցմամբ, մասնաճյուղի ուսանողներն այս տարի ծրագիր են շահել, որով հնարավորություն է ստեղծվում ձեռքի աշխատանքներ վաճառել և դրամական հասույթը փոխանցել տեղի անապահով ընտանիքներին: Բերքի տոնը այդ աշխատանքները ներկայացնելու  պատեհ առիթ էր:

Հ. Գ. Լուսանկարները տրամադրել է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին