Մեդիա փորձագետի դասախոսությունը՝ ՀՊՏՀ ուսանողների համար
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Մեդիա գրագիտություն» խորագրով բաց դաս, որը վարեց հատուկ հյուր, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Վերջինս նախ խոսեց մեդիա գրագիտություն հասկացության մասին՝ դրա էությունը բացատրելով որպես մեդիաների կողմից տրվող տեղեկույթի սպառման մշակույթ: Այնուհետև փորձագետն անդրադարձավ մեդիա գրագիտությանն առնչվող հայաստանյան խնդիրներին:
Սամվել Մարտիրոսյանը նշեց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկա ժամանակաշրջանում տեղեկատվական դաշտն ազատ է, սովորական սպառողի համար դժվար է իրական տեղեկույթը զատել ապատեղեկատվությունից: Այս համատեքստում տեղեկատվության սպառողները դառնում են խոցելի: Անդրադարձ եղավ նաև լրատվամիջոցների կողմից ԶԼՄ-ների գործունեությանն առնչվող օրենքների խախտումներին, ինչն այսօր տարածված երևույթ է: Մեդիա փորձագետը օրենքի խախտումները բացատրեց նրանով, որ լրատվամիջոցներն առաջնահերթ մտածում են այցելություններ ապահովելու մասին և ընթերցողին գրավում են նյութի բովանդակությանը չհամապատասխանող վերնագրով, սկանդալային բառեր օգտագործելով և այլն, սակայն դա վնասում է տվյալ ԶԼՄ-ի հեղինակությունը:
Նմանատիպ հրապարակումների օրինակներ ուսանողներին ներկայացվեց լուսապատկերի միջոցով: Քննարկվեցին նաև սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների փոխկապակցվածությունը, դրա հետ կապված որոշ առանձնահատկություններ, որին պետք է իրազեկ լինի տեղեկույթի սպառողը. ընդգծվեց, որ մեդիա գրագիտությունն այսօր անհրաժեշտ է յուրաքանչյուրին, քանի որ տեղեկատվական այս դարաշրջանում մարդիկ ուղղակի կամ անուղղակի կերպով տեղեկույթի սպառողներ են:
Բանախոսը պատասխանեց ուսանողների հարցերին:
Նշենք, որ ՀՊՏՀ-ականների կողմից թեմայի նկատմամբ մեծ հետաքրքրվածություն կար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին