Համալսարանը պատրաստ է աջակցել ձեր հաջողություններին. ռեկտոր Կորյուն Աթոյանն ընդունեց հաղթանակած ՀՊՏՀ-ականներին

Դիտումների քանակ՝ 1542

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում կիրակի անցկացված հրաձգության մրցաշարում մեր համալսարանի թիմի հաջողությունը նվաճած ուսանողներին, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանին, ֆիզդաստիարակության,  արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանին:

Սևակ Խաչատրյանն ու Հովհաննես Գաբրիելյանը ներկայացրեցին համալսարանի թիմի հաջողությունը, մանրամասներ պատմեցին մրցաշարից, անդրադարձան հետագա անելիքներին: Պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը մանրամասնորեն ներկայացրեց թիմի անդամներին, նրանց հաջողությունները ոչ միայն կրթական, այլև սպորտի բնագավառում, իսկ ամբիոնի ղեկավարը մատնանշեց առաջիկայում սպասվելիք մրցաշարերն ու շեշտեց, որ ունեն նոր հաջողությունների ակնկալիք:

ՀՊՏՀ ռեկտորը շնորհավորեց թիմի անդամներին (թիմում 3 ուսանող են, բայց հանդիպմանը ներկա էին երկուսը՝ Էլմիրա Կարապետյանն ու Տիգրան Գասպարյանը)՝ նշելով. «Ամեն անգամ հպարտանում ենք, երբ լսում ենք մեր բուհի ներկայացուցիչների հաջողությունների մասին, որովհետև դա մեր բուհի պատիվն է, մեր բուհի հեղինակությունն է: Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ հաղթանակի առիթով, մաղթում հետագա հաջողություններ»: Կորյուն Աթոյանը վստահեցրեց, որ համալսարանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել ուսանողներին՝ շարունակական հաջողություններ արձանագրելու համար: Դիմելով Հովհաննես Գաբրիելյանին և Սևակ Խաչատրյանին՝ ռեկտորն ասաց. «Ես առաջարկում եմ համախմբել մեր շնորհալի ուսանողներին՝ փորձելով օգնել, նպաստել նրանց հաջողություններին: Ավելի շատ պետք է կենտրոնանալ այն մարզաձևերի կամ ոլորտների վրա, որտեղ մենք արդեն հաջողություններ արձանագրել ենք և գիտենք, որ այդտեղ ունենք ներուժ: Ես պատրաստակամ եմ օգնելու, խրախուսելու»:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև համալսարանում հրաձգարան հիմնելու ծրագրին, որի մասին նախնական համաձայնություն էր ձեռք բերվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ սեպտեմբերի 12-ին ՀՊՏՀ կատարած այցի ժամանակ: Քննարկվեցին գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ քայլերը:

Հանդիպման ավարտին ռեկտորը ևս մեկ անգամ շնորհավորեց ուսանողներին, նրանք էլ իրենց հերթին հաղթանակած գավաթը նվիրեցին բուհի ղեկավարին: Ի դեպ, Կորյուն Աթոյանը թիմի անդամներին խրախուսեց պարգևատրմամբ:

Հիշեցնենք, որ  ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում հոկտեմբերի 5-ին առաջին անգամ տեղի է ունեցել հրաձգության մրցաշարը, որին մասնակցել են հայաստանյան պետական և ոչ պետական 8 բուհեր:

Թիմային պայքարում առաջատար է դարձել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը. 103 ընդհանուր միավորով ՀՊՏՀ-ականները նվաճել են  պատվավոր 1-ին հորիզոնականը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Հայկական բժշկական ինստիտուտը, 3-րդը՝ Երևանի պետական համալսարանը:

Թիմային մրցապայքարից բացի, ուսանողները ուժերը չափել են  նաև անհատական պայքարում: Տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Էլմիրա Կարապետյանը աղջիկների անհատական պայքարում նվաճել է  1-ին հորիզոնականը, իսկ տղաների պայքարում հաղթել է Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին