Կոչ եմ անում լուրջ ուշադրություն դարձնել կրթության որակի բարձրացման հարցին. տեղի ունեցավ այս ուսումնական տարվա գիտխորհրդի առաջին նիստը

Դիտումների քանակ՝ 1066

ՀՊՏՀ նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ համալսարանի գիտական խորհրդի 2014-2015 ուսումնական տարվա առաջին նիստը՝ գիտխորհրդի նախագահ, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ:

Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները՝ նշելով, որ տվյալ կիսամյակի ընթացքում ռեկտորատը, դեկանատները և ամբիոնները բավական աշխատանք են կատարել գործընթացը պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև ուսումնական գործընթացում նկատված թերությունները շտկելու և կրթական բարեփոխումները նոր մակարդակի հասցնելու, ուսումնական և կատարողական կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ: Պրոռեկտորը մանրամասն ներկայացրեց առկա և հեռակա բակալավրիատում և մագիստրատուրայում քննաշրջանից հետո արձանագրված  ուսման առաջադիմության պատկերը, մանրամասնեց թերությունները և չլուծված խնդիրները:

Միհրդատ Հարությունյանը գիտխորհրդին ներկայացրեց նաև ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի պաշտպանության և ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյունքները՝ նախ ընդգծելով, որ գործընթացն իրականացվել է սահմանված ժամանակահատվածում, ՀՀ  կրթության և գիտության նախարարի հրամանի պահանջներին համապատասխան: Պրոռեկտորի տեղեկացմամբ՝ 2013-2014 ուսումնական տարում համալսարանն ունեցել է առկա ուսուցման բակալավրիատի 1148, հեռակա ուսուցման բակալավրիատի 425 և առկա մագիստրատուրայի 666 շրջանավարտներ, որոնց համար կազմակերպվել են ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի պաշտպանության և ամփոփիչ ատեստավորման քննություններ: Գիտխորհուրդն ընդունեց ներկայացված երկու հարցերի շուրջ հաշվետվությունները և որոշումները:

«Հարգելի գործընկերներ, առաջին հերթին խոսքս ուղղում եմ ամբիոնների վարիչներին, ցանկանում եմ նշել, որ կրթության որակն այսօր մեզ չի բավարարում: Բոլորիդ կոչ եմ անում լուրջ ուշադրություն դարձնել կրթության որակի բարձրացման հարցին, այս ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկել, ներկայացնել առաջարկներ»,- վերը նշված երկու հարցերի ներկայացումից հետո հայտարարեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Դրանից հետո ռեկտորը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց գիտական խորհրդի 2014-2015 ուսումնական տարվա առաջին կիսամյակի աշխատանքային պլանը, որը հաստատվեց:

Ընթացիկ հարցերի շարքում գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը զեկուցեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին մի շարք հարցեր:  Գիտխորհուրդը հրատարակության երաշխավորեց մակրոէկոնոմիկայի ամբիոնի կողմից ներկայացված «Տնտեսության պետական կարգավորում» ուսումնական ձեռնարկն ու ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանի «Մարզական խաղերը բուհում» ուսումնական ուղեցույցը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին