ՀՊՏՀ ուսանողները՝ լավագույն հրաձիգներ . Տնտեսագիտական համալսարանը զբաղեցրեց 1-ին պատվավոր հորիզոնականը

Դիտումների քանակ՝ 1199

Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում երեկ՝ հոկտեմբերի 5-ին, տեղի է ունեցել հրաձգության մրցաշարը, որին մասնակցել են հայաստանյան պետական և ոչ պետական 8 բուհեր: Ուսանողական մարզական խաղերի շրջանակներում հրաձգության մրցույթ անցկացվել է  առաջին անգամ:

Թիմային պայքարում առաջատար է դարձել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը. 103 ընդհանուր միավորով ՀՊՏՀ-ականները նվաճել են  պատվավոր 1-ին հորիզոնականը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Հայկական բժշկական ինստիտուտը, 3-րդը՝ Երևանի պետական համալսարանը:

Թիմային մրցապայքարից բացի, ուսանողները ուժերը չափել են  նաև անհատական պայքարում: Տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Էլմիրա Կարապետյանը աղջիկների անհատական պայքարում նվաճել է  1-ին հորիզոնականը, իսկ տղաների պայքարում հաղթել է Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ մեր ուսանողները հանդես են եկել լավագույն ձևով:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ուսանողական մարզական խաղերի շրջանակներում նման մարզաձևից մրցույթ անցկացվում էր առաջին անգամ, կարող ենք ասել, որ մեր բուհը գերազանց ներկայացավ: Մեր ուսանողուհին 48 միավոր է վաստակել՝ 50 հնարավորից, իսկ տղաները՝ 27 և 28: Վերջնարդյունքում, 103 ընդհանուր միավորով ՀՊՏՀ-ն դարձել է առաջատար: Մեր մարզիկները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով, իսկ թիմը՝ գավաթով: Ջանում ենք, որպեսզի տարբեր մարզաձևերից առաջիկա մրցապայքարներում  ևս ՀՊՏՀ-ն հաջող հանդես գա: Հավելեմ, որ վաղը մեր հրաձիգները գավաթը կհանձնեն ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին»,-ասաց ամբիոնի ղեկավարը:

Հայաստանի ուսանողական մարզական խաղերի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ 

Շնորհավորում ենք մեր ուսանողներին, ՀՊՏՀ մարզիկներին մաղթում ենք հաղթական նոր  հորիզոններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին