Բիզնեսի բարոյականության, սոցիալական պատասխանատվությանն առնչվող հիմնախնդիրները՝ «Ամբերդի» դիտակետում. հերթական սեմինար-քննարկումը

Դիտումների քանակ՝ 1499

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտահետազոտական թեմաների շրջանակներում այսօր կայացավ հերթական սեմինարը՝ «Բիզնեսի բարոյականության և սոցիալական պատասխանատվության հիմնախնդիրները Հայաստանի հանրապետությունում» խորագրով:

Սեմինարին մասնակցում էին «Ամբերդ» կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի ծրագրերի տնօրենները, աշխատակազմը, նշված թեմայի  հետազոտական խմբի անդամները: Խմբի ղեկավար,  ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սարգսյանը ներկայացրեց թեման, կատարվող աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ հետազոտության նպատակն է գնահատել  ՀՀ գործարար միջավայրում բիզնեսի բարոյականությանը և սոցիալական պատասխանատվությանը տրվող նշանակությունը, հիմնավորել բիզնեսի, բարոյականության և սոցիալական պատասխանատվության փոխկապվածությունը և բիզնես ոլորտում բարոյական նորմերի պահպանման, հասարակության ու պետության առջև սոցիալական պատասխանատվության ստանձման նշանակությունը:

Թեմայի կատարողներից փ.գ.թ., դոցենտ Սարգիս Հայրապետյանը խոսեց մեր երկրում հասարակության՝ բարոյականության, բիզնեսի  ընկալումների մասին, ապա ներկայացրեց գործարարի, մասնավորապես հայ գործարարի սոցիալ- բարոյական նկարագիրը (թե ինչպիսին պետք է լինի այն)՝ մատնանշելով գործարարի վարքականոնը:

Թեմայի շուրջ բուռն քննարկում ծավալվեց, հարցադրումներով հանդես եկան «Ամբերդի» աշխատակիցները:

Սեմինարի ավարտին Սամվել Ավետիսյանը հետազոտական խմբի անդամներին  կոչ արեց ճիշտ  զուգահեռել կատարվող թեմայի գործնական (կառուցողական առաջարկներ) և տեսական մասերը՝ խմբին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Նշենք, որ  «Բիզնեսի բարոյականության և սոցիալական պատասխանատվության հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայի կատարողներն են՝ փ.գ.դ., պրոֆեսորներ Արամ Սարգսյանը (թեմայի ղեկավար, ամբիոնի վարիչ) և  Սուրիկ Սարգսյանը, փ.գ.թ. դոցենտներ Սարգիս Հայրապետյանը, Յուրի Հովականյանը, Մարիետա Նիկողոսյանը, Սոֆյա Օհանյանը,  փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի ավագ լաբորանտ  Արփինե Մալքջյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին