Ծանոթություն և շրջայց գրադարանում. առանցքում առաջին կուրսեցիներն են
ՀՊՏՀ գիտական ընթերցասրահում այսօր պարենային ապրանքների ապրանքագիտություն մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներին ներկայացվեցին բուհի գրադարանից օգտվելու կարգը, գրքի, մասնագիտական գրականության հետ աշխատելու առանձնահատկությունները: Հանդիպմանը մասնակցում էին գրադարանի աշխատակիցները՝ տնօրեն Արմինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, ապրանքագիտության և տեխնոլոգիայի ամբիոնի վարիչի ժ/պ, տեխն. գ.դ., պրոֆեսոր Սիլվա Սահրադյանը:
Ողջունելով ներկաներին՝ գրադարանի տնօրենը նշեց, որ գրադարանը ուսումնական գործընթացի կարևոր օղակներից է, և ուսանողներից յուրաքանչյուրն օգտվում է գրադարանից, ուստի 1-ին կուրսեցիների համար կարևոր է իմանալ գրքի, մասնագիտական գրականության և գրադարանի հետ առնչվելու մի շարք կարևոր տեղեկություններ: Արմինե Հովհաննիսյանն ուսանողներին ներկայացրեց գիտական ընթերցասրահում տեղակայված «ՄԱԿ-ի անկյունը», որտեղ կան մի շարք անգլալեզու գրքեր, ամսագրեր, տեղեկատվական գրքույկներ և այլն, ապա ծանոթացրեց պատվիրաթերթիկի լրացման կարգին: Ինչպես ասաց տնօրենը, ուսանողներից շատերն են իրենց դիմում՝ նշելով, որ պատվերը մերժվել է և դրա պատճառներից մեկն այն է, որ պատվիրաթերթիկը սխալ է լրացված լինում: Այնուհետև խոսվեց ՀՊՏՀ պաշտոնական կայքում զետեղված էլեկտրոնային գրադարան բաժնի մասին, որը հասանելի է բուհի տարածքում: Ներկայացվեցին նաև էլեկտրոնային գրադարանից օգտվելու կանոնները:
1-ին կուրսեցիներին իր խոսքն ասաց նաև Սիլվա Սահրադյանը՝ նշելով, որ դասախոսը դասապրոցեսի ընթացքում, բնականաբար, չի հասցնում ուսանողին շատ տեղեկություններ հաղորդել տվյալ թեմայի վերաբերյալ, ուստի մասնագիտական գրականությունից օգտվելը անհրաժեշտություն է: Պրոֆեսորն ընդգծեց նաև ուսանողի ինքնակրթվելու, զարգանալու հմտության կարևորությունը՝ կոչ անելով շատ ժամանակ հատկացնել մասնագիտական գրականություն ընթերցելուն: «Բուհն ուսանողին սովորեցնում է նաև ինքնուրույն կրթվել»,- ասաց նա՝ խորհուրդ տալով ուսանողներին գրականությունից օգտվելիս համառոտագրություններ անել՝ կարևոր տեղեկատվությունն ամրագրելու համար:
Հանդիպման ավարտին Արմինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ ուսանողներն այցելեցին գրադարանի ուսանողական ընթերցասրահ, այնուհետև ծանոթացան գրքի թվայնացման տեխնիկային, շրջեցին գրադարանում: Նշենք, որ ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունը նախաձեռնել է 1-ին կուրսեցիների հետ հանդիպումների շարք, որի մեկնարկը տրվեց այսօր: Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց գրադարանի տնօրենը՝ 1-ին կուրսի ուսանողների հետ հանդիպումներ կազմակերպելու իրենց նախաձեռնությունը համընկել է Սիլվա Սահրադյանի ցանկության հետ, ուստի, հանդիպումների շարքը մեկնարկեց հենց պարենային ապրանքների ապրանքագիտություն մասնագիտության ուսանողների մասնակցությամբ:
Տնօրենի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրվանից հանդիպումները կշարունակվեն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին