ՀՊՏՀ-ում քննարկեցին «Ֆինանսական համակարգի դերը ներառական աճի խթանման գործընթացում» թեման (լուսանկարներ)
ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր անցկացվեց կլոր սեղան-քննարկում «Ֆինանսական համակարգի դերը ներառական աճի խթանման գործընթացում» թեմայով: Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի Հարավկովկասյան բաժնի աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագիրը, և այսօրվա հանդիպումը նշված ծրագրի շրջանակներում թվով 5-րդն էր:
Հանդիպմանը մասնակցում էին Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ղեկավար Զառա Ալլահվերդյանը, Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Լուկաս Լյուշերը, ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ՀՊՏՀ-ում ծրագրի կառավարման խումբը՝ ղեկավար Ներսես Գևորգյանի գլխավորությամբ, դասախոսներ, ուսանողներ: Այսօրվա հանդիպումը վարում էր «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը:
«Ծրագրի ամբողջ գաղափարախոսությունը տնտեսության արդի հիմնախնդիրների շուրջ գիտական, ակադեմիական, ոլորտի հետազոտողների ու պրակտիկ աշխատողների մոտեցումները մեկտեղելը, քննարկելն է: Սա լավ մոդել է նշված խնդիրների շուրջ արդյունավետ քննարկումների դաշտ ստեղծելու առումով»,- նշեց Ներսես Գևորգյանը:
«Տնտեսության ջերմությունը չափելու լավագույն գործիքը ֆինանսական համակարգի վերլուծությունն է: Յուրաքանչյուր երկրի տնտեսության վիճակը չափվում է նրա ֆինանսական համակարգի որակով»,- օրվա թեման ներկայացրեց Սամվել Ավետիսյանը և խոսքը փոխանցեց քննարկման հիմնական բանախոսին՝ ՀՀ ԿԲ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների վերլուծությունների բաժնի պետ Հասմիկ Ղահրամանյանին:
Նա նախ ներկայացրեց ներառական աճի սահմանումները, անդրադարձավ հայաստանյան ֆինանսական համակարգի ներկա վիճակին, առկա հիմնախնդիրներին, հարցին, թե արդյոք ֆինանսական հատվածի զարգացումը նպաստում է ներառական աճին: Թեման ուղեկցվեց մասնագիտական քննարկմամբ, հարց ու պատասխանով:
Հիշեցնենք, որ առաջնորդվելով կառավարության ու մյուս շահակիցներին աջակցելու նպատակադրմամբ՝ ՀՊՏՀ-ն Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի Հարավկովկասյան բաժնի աջակցությամբ մշակել է կլոր սեղան-քննարկումների շարք: Նախագծի հեղինակները հույն ունեն, որ դրանք կխթանեն վերոնշյալ հարցերի շուրջ տեղեկացված քննարկումներով առանձնացող հասարակական բանավեճը:
Թեմայի շուրջ համառոտագրին ծանոթացեք այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին