Գիտական սեմինար՝ «ՀՀ ֆինանսական շուկայի զարգացման հեռանկարները» խորագրով

Դիտումների քանակ՝ 1111

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետում այսօր կայացավ  «ՀՀ ֆինանսական շուկայի զարգացման հեռանկարները» խորագրով  գիտական սեմինար, որը նախաձեռնել էր բանկային գործի և ապահովագրության ամբիոնը: Սեմինարին մասնակցում էին  գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, դասախոսներ, ասպիրանտներ, ուսանողներ:

Վերոնշյալ ամբիոնի վարիչի ժ/պ  Աննա Ասլանյանը, ողջունելով մասնակիցներին, ցանկություն հայտնեց, որ  նմանատիպ սեմինարները ավանդույթ կդառնան: Նա նշեց, որ տնտեսության արդի խնդիրներին նվիրված քննարկումները և' օգտակար են, և' հետաքրքիր:

Սեմինարի ընթացքում ելույթ ունեցան  նշված ամբիոնի 4 ասպիրանտներ: 1-ինը հանդես եկավ Գոռ Սահակյանը՝ «ՀՀ բանկային համակարգում իրացվելիության ռիսկի դրսևորման ձևերի վերլուծությունը» զեկուցմամբ: Ասպիրանտներ Ասյա Խալաթյանը, Գայանե Հարությունյանը և Գոհար Հովհաննիսյանը ելույթ ունեցան համապատասխանաբար «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը որպես ՀՀ արժեթղթերի շուկայի զարգացման գործոն», «Վճարունակության մարժայի հաշվարկը՝ որպես ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության ապահովման կարևոր ցուցանիշ («Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ի օրինակով), «Բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկը ՀՀ-ում» թեմաներով:

Ասպիրանտները ելույթներից հետո  պատասխանեցին լսարանի հարցերին, ծավալվեց քննարկում, ակտիվ հարցադրումներով հանդես եկավ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտորը կարևորեց նման գիտական սեմինար կազմակերպելու ամբիոնի նախաձեռնությունը՝ նկատելով, որ այսպիսի քննարկումները ուսանելի են և' ուսանողների, և' ասպիրանտների համար, ձևավորում են համապատասխան հետազոտական հմտություններ, ինչն էլ հիմք է դառնում դրանում ներգրավված անձանց գիտական գործունեության, ինչպես նաև այլ բնագավառներում հաջողությունների հասնելու համար:

Սեմինարների անցկացումը կարևորեցին նաև ուսանողները: «Այս սեմինարներն, անխոս, շատ օգտակար են. 1-ին հերթին, լրացնում են մեր գիտելիքները, բացի դրանից՝ օգնում են  գնահատել մեր հնարավորություններն ու նախապատրաստում են նմանատիպ ելույթների»,-ասաց ապահովագրական գործ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Վարդանյանը:

ՀՊՏՀ Լրատվության և  հասարակայնության  հետ կապերի  բաժին