Յուրի Սուվարյանն արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, մեր համալսարանի կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանին շնորհել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում անվանի գիտնականը, ով իր աշխատանքային կենսագրության վերելքներով լի ճանապարհին արժանացել է բազմաթիվ պետական բարձր պարգևների, նշեց. «Երեք մեդալի եմ արժանացել՝ «Անանիա Շիրակացի»՝ 2000 թվականին, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի»՝ 2011 թվականին, «Վաչագան Բարեպաշտ» ՝ 2013 թվականին: Այս մեկն առանձնանում է նրանով, որ գնահատականն է իմ գրեթե 50-ամյա գիտամանկավարժական ու գիտահետազոտական աշխատանքի: Եվ գիտության աշխատողի համար, իմ համոզմամբ, ամենաթանկ պարգևն է, որովհետև այդ կոչումով արժևորվում է գիտության ոլորտի մշակի երկարամյա աշխատանքը: Շնորհակալ եմ մեր իշխանություններից և հատկապես ՀՀ Նախագահից՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ իմ գործունեությունը բարձր գնահատելու համար»:
Ի սրտե շնորհավորում ենք հարգարժան Յուրի Սուվարյանին՝ այս բարձր պարգևին արժանանալու առիթով, մաղթում ենք անսպառ եռանդ ու նորանոր ձեռքբերումներ:
Լուսանկարը՝ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին