ՀՊՏՀ-ականները Անկախության տոնը նշեցին յուրօրինակ միջոցառումներով

Դիտումների քանակ՝ 1389

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը կազմակերպել էր յուրօրինակ միջոցառումներ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ 100 ուսանողներ, ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 21-ի օրամուտը  դիմավորեցին «Եռաբլուր» պանթեոնում: Ուղիղ կեսգիշերին «Եռաբլուրում» միախմբված ուսանողները նախ ծաղկեպսակ դրեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, այնուհետև կազմակերպվեց մոմավառություն և ոգեկոչման արարողություն, հոգևոր այրերի առաջնորդությամբ կատարվեց սուրբ աղոթք:

Անկախության օրվան նվիրված միջոցառումները շարունակվեցին  Տնտեսագիտական համալսարանում. այսօր՝ սեպտեմբերի 22-ին, դասամիջոցների ընթացքում կառավարման ու  հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողական խորհուրդների նախաձեռնությամբ անցկացվեցին գեղեցիկ  ֆլեշմոբեր:

Կառավարման ֆակուլտետի ուսանողների կազմակերպած ֆլեշմոբն անցկացվեց առաջին դասամիջոցին. ուսանողները շուրջպար էին բռնել «Քոչարու» խրոխտ ու  հաղթաշունչ հնչյունների ներքո: Շուրջպարի մեջտեղում ծածանվում էր հայոց եռագույնը: Ֆլեշմոբի առանձնահատկությունն ու հետաքրքրությունն այն էր, որ  ուսանողական շուրջպարը մեծանում ու ավելի շատ ուսանողների էր ընդգրկում: Միջոցառումը միասնության ու համերաշխության խորհուրդ ուներ:

Երկար դասամիջոցին ՀՊՏՀ բակն իրենց ֆլեշմոբով  ուշագրավ դարձրեցին հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողները. ֆլեշմոբի սկիզբն ազդարարեց ՀՀ օրհներգը, ապա ի նշան անկախության և խաղաղության՝ երկինք բաց թողնվեց ՀՀ դրոշը՝ եռագույն փուչիկներով: Ուսանողների մասնակցությամբ ցուցադրվեց ազգային պար, որից հետո 2 ուսանողուհիների կենդանի կատարմամբ հնչեց «Հայաստան» երգը: Ֆլեշմոբի առանցքում կրկին հայոց պետականությունն ու անկախությունը խորհրդանշող եռագույնն էր. ուսանողները վերստին  ծածանեցին այն, որից հետո բոլորի ուշադրությունը սևեռվեց բարձրահարկից  փողփողացող հայոց եռագույնին: Ուսանողները խանդավառված էին, բոլորի աչքերում նկատվում էր անկախության սերունդ լինելու վեհ զգացումը:

Միջոցառումներն անցկացվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 20-ամյա հոբելյանի շրջանակներում:

Եվս մեկ անգամ՝ շնորհավոր տոնդ, փառապա'նծ Հայաստան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: