ՀՊՏՀ ռեկտորը հյուրընկալեց ՀՊՏՀ ֆուտզալի տղաների հավաքականին. լավագույն ռմբարկուն իր գավաթը հանձնեց համալսարանի ղեկավարին

Դիտումների քանակ՝ 1088

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալեց համալսարանի ֆուտզալի տղաների հավաքականին, որն այս տարվա հուլիսին Ռոտերդամում մասնակցել էր Համաեվրոպական ուսանողական մարզական 2-րդ խաղերին: Հիշեցնենք, որ Հայաստանը ֆուտզալ մարզաձևում ներկայացնող Տնտեսագիտական համալսարանի թիմը տարբեր երկրների բուհերի  24 թիմերի շարքում զբաղեցրել էր 14-րդ տեղը, իսկ հավաքականի անդամ, ՀՊՏՀ ուսանող Նարեկ Մակարյանը  ճանաչվել էր առաջնության լավագույն ռմբարկու:

Թիմի անդամների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը, թիմի մարզիչ Էլիանորա Գրիգորյանը: Ներկայացնելով թիմի անդամներին և նրանց հաջողությունները՝ Սևակ Խաչատրյանը խորին շնորհակալություն հայտնեց ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ ընդգծելով, որ նրա աջակցության շնորհիվ առաջին անգամ հայաստանյան համալսարանի թիմը կարողացավ մասնակցել համաեվրոպական նման հեղինակավոր մրցույթի:

Հովհաննես Գաբրիելյանը ևս շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարին՝ աջակցության համար, ապա ներկայացրեց, թե ինչ բարձր տպավորություն է թողել ՀՊՏՀ թիմը առաջնությունում: «Ես խնդրում եմ Ձեր աջակցությունը թիմը պահպանելու, ուժեղացնելու, որովհետև մեր թիմն ունի մեծ ներուժ և կարող է շատ ավելի մեծ հաջողությունների հասնել»,- ասաց նա՝ ներկայացնելով թիմի ապագա ծրագրերը:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց թիմին, ինչպես նաև թիմի անդամ՝ լավագույն ռմբարկու ճանաչված Նարեկ Մակարյանին, շնորհակալություն հայտնեց նաև մարզչին՝ ներդրած ջանքերի համար: «Սա, իսկապես եզակի դեպք է, երբ նման փոքր հանրապետության համալսարանի թիմը մասնակցում է համաեվրոպական առաջնության:

Ոչ միայն ես, այլև ամբողջ համալսարանը պատրաստ է աջակցելու մեր ուսանողների բոլոր դրական նախաձեռնություններին՝ անկախ նրանից, թե որ ոլորտում կլինեն դրանք՝ սպորտի, կրթության, գիտության, թե այլ, որովհետև դա բուհի պատիվն է, բուհի հեղինակությունն է: Այսօր աշխարհն այլ է, հնարավորություններն այլ են, և մրցունակ լինելու համար հարկավոր է հաջողություններ կերտել բոլոր ուղղություններով»,- ասաց համալսարանի ռեկտորը՝ կոչ անելով կոտրել այն կարծրատիպը, թե հայերը հաջողություն չեն ունենում թիմային խաղերում:

Հանդիպման ավարտին առաջնության լավագույն ռմբարկու ճանաչված Նարեկ Մակարյանը, ի նշան երախտագիտության, իր գավաթը հանձնեց Կորյուն Աթոյանին: Ռեկտորն իր հերթին խոստացավ, որ այն տեղ կգտնի համալսարանի նորաբաց թանգարանում և կվավերացվի որպես պատմություն: Վերջում ռեկտորը լուսանկարվեց թիմի հետ:

Թեմայի շուրջ մեր նախորդ հրապարակմանը ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//հպտհ-ն-համաեվրոպական-ուսանողական-մարզական-խաղերի-մասնակից-մեր-ուսանողը-լավագույն-ռմբարկու-1869:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին