ՀՈւԱԱ-ն 11 տարեկան է
Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան այսօր տոնում է իր 11-ամյակը: Հիմնադրման օրվանից այն գործում է որպես ազգային ուսանողական համահավաք կազմակերպություն՝ ստեղծված ինը բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ:
Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց ՀՈւԱԱ փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը, կազմակերպության հիմնադրման գործում մեծ է 4 բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների` այն ժամանակ՝ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի (այժմ՝ ՀՊՏՀ), Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողական կառույցների դերը, որոնց ղեկավարները 2001թ. արդեն ձևավորել էին Միջբուհական կոորդինացիոն խորհուրդը: 2012թ.-ից ՀՈւԱԱ-ն Եվրոպական ուսանողական միության լիիարավ անդամ է:
«ՀՈւԱԱ-ն առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով՝ ժողովրդավարություն, հավասարություն, ինքնավարություն, թափանցիկություն, միասնություն ու համագործակցություն: Այսօր արդեն 17 բուհական ինքնակառավարման մարմիններ մտնում են ՀՈւԱԱ-ի կազմի մեջ: Ամփոփ ներկայացնելով մեր գործունեությունը՝ նշեմ, որ հասել ենք մի շարք ձեռքբերումների. մեր դիտակետում են եղել ուսանողների ժամանցային, մշակութային կյանքի ապահովումն ու բարելավումը (ուսանողական փառատոններ, ՈւՀԱ մրցելույթներ և այլն), պետական և ոչ պետական բուհերի ուսանողների շահերի, իրավունքների պաշտպանությունը (մագիստրոսական, ասպիրանտական (զ/ծ-ից տարկետման իրավունքով) կրթություն ստանալու) և այլն, որտեղ հասել ենք դրական արդյունքների: Մեր ասոցիացիայի անդամներից շատերը փորձագետներ են, մշակում և իրականացնում են մի շարք ծրագրեր: Մեր կարևորագույն խնդիրներից է նաև ուսանողների սոցիալական խնդիրների լուծման ուղիների որոնումը: Ձգտում ենք նրան, որ ուսանողը դիտարկվի որպես բուհի գործընկեր, նրա ձայնը, կարծիքը կշիռ ունենա»,-գործունեությունն ամփոփեց ՈւՀԱԱ փոխնախագահը:
ՀՊՏՀ ղեկավարությունը՝ ի դեմս ռեկտոր Կորյուն Աթոյանի, շնորհավորում է ՀՈՒԱԱ-ին, մաղթում արգասաբեր գործունեություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին