ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի շնորհավորանքի խոսքը Գիտելիքի օրվա առիթով
Սիրելի ՀՊՏՀ-ականներ, Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը Գիտելիքի օրվա առիթով շնորհավորանքի խոսք է հղել, որը ներկայացնում ենք ստորև.
Սիրելի ուսանողներ, առաջին կուրսեցիներ
Բարի գալուստ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա, ուսանող դառնալու բարձր կոչմանն արժանանալու առիթով, մաղթում ուսումնառության արդյունավետ ընթացք, հիշարժան ուսանողական կյանք:
Սիրելի ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս ուսումնական տարին ևս սկսում է ձեզ համար մի շարք հրաշալի նորություններով` բարենորոգ ու հարմարավետ կրթական միջավայրի ստեղծումից մինչև կրթության որակի բարձրացմանը միտված նոր մոտեցումներ:
Սիրելի առաջին կուրսեցիներ, ձեր ավագ ընկերները, ովքեր ավելի վաղ են ընդունվել մեր կրթօջախ, ձեզ կհավաստիացնեն, որ ընդունվել եք մի համալսարան, որտեղ արդեն մի քանի տարի բարեփոխումներ են իրականացվում «Մենք փոխվում ենք» կարգախոսի ներքո: Հուսով եմ, համալսարանին ծանոթանալուց հետո կհամոզվեք, որ ճիշտ ընտրություն եք կատարել: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շարունակաբար բարենորոգվում է` համապատասխանելով բարձրագույն ուսումնական հաստատությանը հարիր ներկա պահանջներին: Այստեղ իրականացվում են տարբեր նախագծեր ու բազմաթիվ ծրագրեր` ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպման համար շարունակաբար նոր որակի լսարաններ են ստեղծվում, համալսարանը հետզհետե տեխնիկապես ավելի է վերազինվում, գիտությամբ և հետազոտական աշխատանքով հետաքրքրված ուսանողների համար հրաշալի հնարավորություն ու հեռանկար է առաջարկում համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, ուսանողներին ընձեռվում են կեցության, համալսարանի ճաշարանում սնվելու, ամառային հանգիստը լիարժեք կազմակերպելու մատչելի պայմաններ, իրականացվում են ուսանողներին ուղղված տարատեսակ սոցիալական ծրագրեր: Մեր համալսարանում մեծ ուշադրություն է դարձվում շրջանավարտների կարիերայի խնդրին. այս ուղղությամբ մենք գործնական քայլեր ենք կատարել` գործատու մի շարք ծանրակշիռ կառույցների հետ կնքելով համապատասխան պայմանագրեր:
Սիրելի ուսանողներ, համոզված եմ, զարգացման նոր փուլում գտնվող մեր համալսարանում դուք անցկացնելու եք ձեր կյանքի հիշարժան տարիները, ուստի կոչ եմ անում բաց և կառուցողական համագործակցության` հանուն մեր բուհում ուսումնառության գործընթացի բարելավման, կրթության որակի բարձրացման, ի շահ մեր սիրելի կրթօջախի և ձեր լավ ապագայի: Համալսարանի ղեկավարությունը սրտացավորեն և պատրաստակամությամբ պատրաստ է լսել ու քննարկել այն բոլոր խնդիրները, որոնք ձեզ հուզում են: Հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում մենք մի նոր` ավելի բարձր որակի կհասցնենք թե կրթության որակը, և թե այն միջավայրը, որտեղ մենք սովորում, աշխատում և արարում ենք:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, ցանկանում անմոռանալի ուսանողական տարիներ:
Հարգանքով`
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր
Կորյուն Աթոյան