Մագիստրոսական ծրագիրը ներկայացրեց ՈւՄԵՖ ռեկտորը

Դիտումների քանակ՝ 1551

Մեր համալսարանում է շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Միքելե Ակերիբը, ով այսօր հանդիպեց ուսանողական խորհրդի ներկայացուցիչների, բակալավրիատի ավագ կուրսերի ուսանողներին և ներկայացրեց ՀՊՏՀ-ի հետ համատեղ իրականացվող մագիստրոսական կրթական ծրագրերը: Պրոֆեսորն անդրադարձավ ՈւՄԵՖ-ի գործունեությանը, տարբեր երկրներում գործող մասնաճյուղերին, մասնագիտություններին, առաջարկվող կրթական ծրագրերի առավելություններին, ապա պարզաբանեց դիմորդների ընդունելության կարգը, ներկայացվող պահանջները:

Ռեկտորն առանձնահատուկ կանգ առավ  այս ուստարում ՀՊՏՀ-ում ներդրված «Գործարար կառավարում» (MBA)  և  մասնագիտացված «Գործարար կառավարում» (EMBA)  մագիստրոսական ծրագրերի վրա՝ շեշտադրելով, որ առաջին ընդունվածներն արդեն հաջողությամբ ավարտում են ուսումնառության 1 տարին: Դասընթացներն անցկացվում են անգլերեն, դասավանդում են ԱՄՆ-ից, Կանադայից, եվրոպական և այլ երկրներից ժամանած պրոֆեսորներ: Ուսանողները ստանալու են ՈւՄԵՖ համալսարանի և ՀՊՏՀ-ի կրկնակի դիպլոմներ: Բարձր առաջադիմություն ցուցաբերածներին  ՈւՄԵՖ-ը հնարավորություն է ընձեռելու  ուսումնառության մի մասն անցկացնելու  Ժնևի կամպուսում: Ուսման տևողությունը 2 տարի է:

Միքելե Ակերիբը պատասխանեց ուսանողների հարցերին:

Հիշեցնենք, որ  վերոնշյալ ծրագրերը ներդրվել են ՀՊՏՀ-ի և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի միջև 2017թ. ապրիլի 12-ին կնքված կրկնակի աստիճանաշնորհման կրթական ծրագրի իրկանացման համաձայնագրի շրջանակում:

2018-2019 ուստարվա համար ընդունելությունը կազմակերպվելու է ամռանը: Այդ մասին կտեղեկացնենք ՀՊՏՀ պաշտոնական կայքում: Հարցերի դեպքում կարող եք դիմել գիտության և ասպիրանտուրայի բաժին (հեռ.՝ 593-426):

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին