«Տնտեսագետ» մարզաառողջարանն ավարտեց ամառային հանգստի հերթական շրջափուլը՝ ՀՊՏՀ-ականներին պարգևելով հիշարժան հանգիստ

Դիտումների քանակ՝ 1563

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագետ» մարզաառողջարանը (Դիլիջանում) երեկ՝ օգոստոսի 25-ին, նախատեսված ժամանակացույցի համաձայն, ավարտեց ամառային հանգստի հերթական շրջափուլը: Այսպիսով, հուլիսի 5-ից օգոստոսի 25-ը մարզաառողջարանում չորս հերթափոխով հանգստացան ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի  ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ (այդ թվում և Արցախից) և նրանց ընտանիքի անդամներ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօր զրուցեց մարզաառողջարանի պետ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս  Հակոբ Կյոկչյանի հետ, ով, ամփոփելով աշխատանքային շուրջ երկամսյա շրջանը, նշեց, որ  այս տարի ևս համալսարանը կարողացել է առողջարանում լիարժեք կազմակերպել ճամբարականների հանգիստը:

«Իրականացրել ենք մի շարք ծրագրեր, որով փորձել ենք ապահովել հանգստացողների անմոռանալի և հետաքրքիր ժամանցը: Մասնավորապես, կազմակերպվել են արշավներ, էքսկուրսիաներ՝ դեպի Մաթոսավանք, Ջուխտակ վանք, Հաղարծին և Գոշավանք, խաղեր, մրցումներ (վոլեյբոլ, թենիս, շախմատ): Խստագույնս պահպանվել են անվտանգության, որակյալ սննդի մատակարարման կանոնները: Ուրախալի էր տեսնել, որ հանգստացողները հեռանում էին վառ տպավորություններով և ասում, որ հաջորդ ամառ ևս կցանկանան գալ այստեղ»,-ասաց Հակոբ Կյոկչյանը:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր հերթափոխ ընդգրկում էր 13-օրյա հանգիստ: Վերջին՝ 4-րդ հերթափոխով հանգստացան ՀՊՏՀ ուսանողները, ինչպես նաև արցախցի ուսանողներ:

ՀՊՏՀ-ականները՝ թե աշխատակիցները, թե ուսանողները, մարզաառողջարանից վերադարձել են բարձր տպավորություններով ու գոհունակությամբ: «Կանաչ ու փարթամ բնություն, հաճելի, ուրախ մթնոլորտ ու գերհագեցած օրեր. տպավորություններ, որոնք վառ կմնան ամբողջ կյանքում: «Տնտեսագետ» մարզաառողջարանում հանգստանալու առավելություններից մեկն այն է, որ ինքդ ունես հանգիստդ բազմաբովանդակ դարձնելու շատ  հնարավորություններ», -մեզ հետ զրույցում ասաց ուսանողուհի  Շուշաննա Ազիբեկյանը՝ նշելով, որ գալիք տարի  ևս մեծ հաճույքով կյուրընկալվի «Տնտեսագետում»:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի համալսարանի ղեկավարությունը փորձում է  որոշակիորեն բարելավել բուհի մարզաառողջարանը, որտեղ մատչելի պայմաններով ապահովվում է աշխատակիցների և ուսանողների հանգիստը:

«Սա աշխատակիցներին և ուսանողներին ուղղված համալսարանի սոցիալական քաղաքականության  բաղադրիչներից է: Ինչպես գիտեք, մեր ուսանողների և աշխատակիցների համար իրականացնում ենք տարատեսակ սոցիալական ծրագրեր, կրթաթոշակներ, աշխատակիցների համար նաև՝ բժշկական ապահովագրություն: Մարզաառողջարանային հանգիստը ևս մեր կողմից լրացուցիչ աջակցության յուրօրինակ ձև է, որ ամեն տարի փորձում ենք ապահովել»,- մարզաառողջարանի աշխատանքների մեկնարկին ասել էր ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Հուսով ենք՝ հաճելի հանգստի շնորհիվ ՀՊՏՀ-ականները  կազդուրվել են, և պատրաստ են մեծ եռանդով ու խանդավառությամբ սկսելու նոր ուսումնական տարին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին