Մասնագիտական ամբիոնը՝ պետական քաղաքականության մշակման մասնակից

Դիտումների քանակ՝ 1216

ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը դարձել է ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով հուլիսին ստեղծված բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի անդամ, որի կազմում ոլորտի 18 առաջատար մասնագետներ են, անվանի գիտնականներ:

Ինչպես արտացոլված է գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգում, խորհրդի գործունեության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գիտականորեն հիմնավորված մոտեցումների կիրառմանը, մթնոլորտի, հողերի, ջրերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման ու վերարտադրության բնագավառներում պետական քաղաքականության ձևավորմանը և ռազմավարության  մշակմանը, ինչպես նաև ոլորտը կարգավորող իրավական ակտերի արդյունավետության բարձրացմանը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը նշեց, որ նորաստեղծ խորհուրդն արդեն հրավիրել և անցկացրել է առաջին նիստը, իսկ երկրորդին, որը տեղի կունենա հոկտեմբերին, ինքը հանդես կգա զեկուցմամբ:

«Կարծում եմ՝ մեր համալսարանի մասնագիտական ամբիոնները պետք է սերտորեն համագործակցեն համապատասխան նախարարությունների և այն կառույցների հետ, որոնց համար մասնագետներ են պատրաստում: Դա հնարավորություն կտա քայլել ժամանակին համընթաց, ձեռքը պահել իրադարձությունների ու փոփոխությունների զարկերակին ու մասնակցել կարևորագույն խնդիրների լուծմանը»,- նշեց Սուրեն Գևորգյանը՝ հավելելով, որ նման ներգրավվածությունը ոչ միայն գործունեության արդյունավետության ցուցիչ է, այլև բարձրացնում է բուհի հեղինակությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին