Սգում ենք մեր գործընկերոջ անժամանակ մահը
Այսօր մեզանից անժամանակ հեռացավ մեր լավագույն գործընկերներից մեկը՝ ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկան, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դոցենտ Զաքար Կնյազի Կիրակոսյանը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և ուսանողների անունից խոր ցավակցություն ենք հայտնում Զաքար Կիրակոսյանի ընտանիքին, մտերիմներին ու բարեկամներին, սգում ենք այս անդառնալի ու ծանր կորուստը և ապավինում այն լուսավոր, վեհ ու առինքնող կերպարին, որ իր ապրած 57 տարիներին կերտեց Զաքար Կիրակոսյանը՝ դառնալով սկզբունքայնության, մարդասիրության, ընկերասիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:
Զաքար Կիրակոսյանը ծնվել է 1957 թվականին, հոկտեմբերի 1-ին, Արագածոտնի մարզի Աշտարակի շրջանի Լեռնարոտ գյուղում: 1978 թ. ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1981-1986 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտի հետազոտող և ասպիրանտ: 1986 թվականի հոկտեմբերի 20-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, ապա ստացել դոցենտի կոչում:
Աշխատանքային գործունեությունը Զաքար Կիրակոսյանն սկսել է1987 թվականից՝ Կոոպերատիվ առևտրի գիտահետազոտական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղում՝ որպես ավագ գիտաշխատող, այնուհետև 1988-1992 թթ.՝ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, համատեղությամբ աշխատել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (այժմ՝ ՀՊՏՀ):
1992 թվականից ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դոցենտ էր, 2003-2006թթ.՝ ՀՊՏՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, 2006 թ. հունիսից մինչև 2007թ. սեպտեմբերը՝ նույն ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2012-2013թթ՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան, 2013թ-ից` ֆինանսական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, 2014թ մայիսի 27-ից՝ ֆինանսական ֆակուլտետի դեկան:
Հեղինակել է 21 գիտական աշխատություն, այդ թվում՝ «Հանրային հողերի գնահատման տնտեսամաթեմատիկական վերլուծություն» (2011թ), «ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի գնահատումը» (2011թ.),«Հասարակական բարեկեցության կախվածությունը ազատ և սպառմանը հատկացված ժամանակային գործոններից» (2011թ.):
Զաքար Կիրակոսյանի լուսավոր կերպարը միշտ վառ կմնա մեր հիշողություններում: Նա ոչ միայն բարի անուն թողեց, այլև արժանավոր ընտանիք և զավակներ:
Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա օգոստոսի 22-ին, ժամը 18.00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը օգոստոսի 23-ին, ժամը 13.00-ին՝ նույն եկեղեցուց:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատ