Այս շաբաթ դիպլոմներ ստացան ՀՊՏՀ մագիստրոսները (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 2454

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առկա  մագիստրատուրայի շրջանավարտներն ընթացիկ շաբաթ՝ հուլիսի 14-ին, 15-ին,16-ին, 17-ին և 18-ին (ըստ 6 ֆակուլտետների) ստացան մագիստրոսական դիպլոմները:

Սահմանված կագի համաձայն՝ մագիստրոսները այցելում էին գրադարան, ստանում էին շրջիկ թերթիկները, ևս մեկ անգամ մտնում ամբիոն, տարբեր ստորաբաժանումներ, շրջում բակում՝  օգտագործելով պատեհ առիթը՝ միգուցե վերջին անգամ երախտիքի և հրաժեշտի խոսք ասելու բուհի դասախոսներին, աշխատակիցներին: Շրջանավարտները  կրում էին մագիստրոսական համազգեստներ ու գեղեցիկ պահեր հավերժացնում դասախոսների ու կուրսընկերների հետ: Մեր համալսարանական միջավայրն այդ օրերին լի էր հուզառատ ու գեղեցիկ ակնթարթներով, ժպիտներով, շնորհավորանքներով ու ջերմ խոսքերով:

Շրջանավարտներին իրենց բարեմաղթանքներն էին հղում ֆակուլտետների դեկանները, փոխդեկանները, ամբիոնի վարիչները, դասախոսները:

«Ստանալով ձեր 2-րդ դիպլոմները՝ դուք ևս մեկ հաստատուն  քայլ եք անում դեպի ամուր կարիերա, արժանապատիվ ապագա: Այս գեղեցիկ օրով ի սրտե մաղթում եմ բոլորիդ, որ գտնեք ձեզ արժանի տեղը կյանքում, համապատասխան ոլորտում դառնաք լավագույններից մեկը: Հուսով եմ` հարազատ համալսարանի տված գիտելիքները կօգտագործեք ի նպաստ երկրի զարգացման: Շնորհավորում եմ, հաջողություններ ձեզ»,-բարեմաղթեց ֆինանսական ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը:

Շնորհավորում ենք ՀՊՏՀ մագիստրոսներին, մաղթում առաջընթաց և հաջողություններ՝  կյանքի բոլոր ուղիներում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին