Հետբուհական կրթության բարելավման պահանջով. աշխատաժողով ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1096

ԵՄ Տեմպուս ծրագրի «Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» («VERITAS») նախագծի շրջանակներում այսօր ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ ներհամալսարանական աշխատաժողով, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր  Գագիկ  Վարդանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր  Պարույր Քալանթարյանը, ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, ՀՊՏՀ-ում ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը, ամբիոնի վարիչներ,  ստորաբաժանումների աշխատակիցներ:

«Մեր համալսարանում բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարելավմանն ուղղված քայլերից են ասպիրանտուրայում կրթական բաղադրիչի ներմուծումը, գիտության ֆինանսավորման հանրապետությունում նախադեպը չունեցող կառուցակարգերի ներդրումը, ինչպիսիք են ներքին դրամաշնորհները, գիտաուսումնական խմբերը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ստեղծումը: Այս գործընթացում ներգրավվել են մագիստրանտներ և ասպիրանտներ, որոնց հետազոտական աշխատանքի համար համալսարանը վճարում է», - բացման խոսքում ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարելավման համար առաջիկայում բավական անելիքներ կան: Ռեկտորի ամբողջական  ելույթին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ներսես Գևորգյանը ներկայացրեց «VERITAS» նախագծի բովանդակությունը՝  գերնպատակը, սկզբունքները, կառուցվածքը, աշխատանքային փաթեթները: Հաջորդ բանախոսը՝ ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Փախլյանը ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունների համատեքստում  հանգամանորեն կանգ առավ աշխատանքային փաթեթներով նախատեսված գործողությունների վրա:

«ՀՊՏՀ կրթական 3-րդ աստիճանի հիմնախնդիրները Զալցբուրգյան սկզբունքների համատեքստում» թեմայով  զեկուցման մեջ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց Զալցբուրգյան 10 սկզբունքները՝ վեր հաներով դրանց հիմնախնդիրները հայաստանյան կրթական միջավայրում: Պրոռեկտորը նշեց, որ յուրաքանչյուր սկզբունքն առանձին քննարկելու առիթներ դեռ կստեղծվեն:

Գիտական աստիճանաշնորհման հիմնախնդիրներին գործընկերների ուշադրությունը հրավիրեց տնտեսագիտության 014 մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը՝ կանգ առնելով գործնական 3 հիմնախնդիրների վրա՝ օրենսդրանորմատիվային դաշտ, գիտական հանրության պատասխանատվության բարձրացում, գիտություն-կրթություն միասնացում: Ընդգծելով գիտական հանրության պատասխանատվության կարևորությունը՝ ակադեմիկոսը շեշտեց. «Պետք է կարողանանք մեր գիտության մուտքը հսկել»:

Ամփոփելով աշխատաժողովի աշխատանքները՝ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ Զալցբուրգյան սկզբունքներին ծանոթությունը և հիմնախնդիրների վերհանումը փաստում են, որ մեր բուհը բավական անելիքներ ունի հետբուհական կրթության բարելավման, գիտահետազոտական աշխատանքների որակի բարձրացման, ինչպես նաև նորարարությունների առևտրայնացման ուղղղությամբ և պատրաստակամ է գնալ կառուցողականության ու զարգացման ճանապարհով: Ռեկտորը շեշտեց, որ այս առումով ակնկալում է գործընկերների նոր գաղափարներն ու առաջարկները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին