«Տնտեսագետ» մարզաառողջարանը սկսում է իր աշխատանքը ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 995

Հարգելի գործընկերներ, ուսանողներ,  ՀՊՏՀ  «Տնտեսագետ»  մարզաառողջարանը  հաշված օրերից իր հյուրընկալ դռները կբացի բուհի աշխատակիցների, ուսանողների, նրանց ընտանիքների անդամների, համար: Դիլիջանի Բլդան գետի գեղատեսիլ  ափին գտնվող մարզաառողջարանը այս տարի ևս, բուհի ղեկավարության ջանքերով, բարեկարգվել է. կատարվել են վերանորոգման որոշակի աշխատանքներ, ձեռք են բերվել անհրաժեշտ տնտեսական գույք, խոհանոցային ու հիգիենայի պարագաներ, ընթացիկ նորոգման են ենթարկվել մի քանի սենյակներ, կարգի են բերվել խոհանոցային և լողասենյակների հատվածները: ՀՊՏՀ-ականների հանգիստն ավելի հետաքրքիր անցկացնելու համար մշակվել են մարզական ու մշակութային, ինչպես նաև զբոսաշրջային արշավներ կազմակերպելու ծրագրեր, ինչի մասին ներկայացվեց նաև օրերս կայացած գիտխորհրդի նիստում:

Մարզաառողջարանը, ինչպես միշտ, կգործի 4 հերթափոխով. հուլիսի 5-ից հուլիսի 17-ը, հուլիսի 18-ից հուլիսի 30-ը, հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը, օգոստոսի 13-ից օգոստոսի 25-ը:

Մարզաառողջարանի պետ, ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց. «Նախապատրաստական ծավալուն աշխատանքներ են կատարվել՝ այս ամառ ևս ՀՊՏՀ-ականների հանգիստը լավագույնս ապահովելու համար: Ամեն տարվա նման, կկազմակերպվեն արշավներ և էքսկուրսիաներ  դեպի  Ջուխտակ վանք, Մաթոսավանք, Գոշավանք  և այլ պատմական վայրեր: Կկազմակերպվեն մարզական (թենիս, վոլեյբոլ, բասկետբոլ), ինտելեկտուալ  խաղեր, մշակութային երեկոներ, խարույկի շուրջ հավաքներ: Ամեն ինչ կարվի՝ հագեցած և հիշարժան հանգստյան օրեր ապահովելու համար»,-հավաստիացրեց մարզաառողջարանի պետը:

ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժնից հայտնում են, որ տոմսերի վաճառքը սկսված է, տոմսերի ձեռքբերման համար հարկավոր է դիմել համալսարանի հաշվապահություն (ցանկալի է դիմել մինչև հուլիսի 30-ը): Տոմսերի արժեքը չի փոխվել. համալսարանի աշխատակիցների և ուսանողների  համար մարզաառողջարանում 13 օր  հանգստանալու 1 ուղեգրի  արժեքը կազմում է 35 հազար դրամ, իսկ ընտանիքի անդամների համար՝ 40 հազար դրամ: Ուղեգրերը ձեռք բերելու համար պետք է դիմել ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժին` անձը հաստատող փաստաթղթով:

Մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին