Տեղի ունեցավ 2013-2014 ուստարվա ՀՊՏՀ գիտական խորհրդի վերջին նիստը
ՀՊՏՀ նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ 2013-2014 ուստարվա գիտական խորհրդի վերջին նիստը: Ֆինանսական ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը ներկայացրեց համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 2013-2014 ուստարվա, դեկան Միքայել Թավադյանը՝ կառավարման, իսկ դեկան Մանուկ Մովսիսյանը՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների հաշվետվությունները: Դեկանները ներկայացրեցին հաշվետու ժամանակաշրջանում ֆակուլտետներում ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ուսանողների առաջադիմությանը, ամբիոնների աշխատանքներին, գիտահետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավվածությանը, ուսման վարձերի զեղչմանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Ֆակուլտետներում ստուգող հանձնաժողովի ուսումնասիրությունները հարակից զեկուցմամբ ներկայացրեց ռեկտորի խորհրդական Գրիգոր Կիրակոսյանը՝ ընդգծելով, որ երկրորդ ստուգման արդյունքում՝ ի համեմատություն առաջինի, ֆակուլտետներում գրեթե բոլոր ուղղություններով աշխատանքների բարելավում կա, սակայն դեռ առկա են մի շարք խնդիրներ: Գրիգոր Կիրակոսյանի խոսքով, մասնավորապես դեռ անհրաժեշտ է բարելավել բացակայությունների, դասաձախողումների, ակտիվությունների գրանցման, գործավարության վարման հետ կապված խնդիրները: Դեկանների հաշվետվություններից հետո ելույթներով հանդես եկան կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ֆինանսների ամբիոնի վարիչի ժ.պ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը: Յուրի Սուվարյանը նշեց, որ իրենց ֆակուլտետի դեկանն ու դեկանատը կարողացել են ֆակուլտետում ստեղծել լավ աշխատանքային մթնոլորտ, ինչի հետևանքը համագործակցված և արդյունավետ աշխատանքն է: Միաժամանակ նա ուշադրություն հրավիրեց երկու խնդրի վրա. Յուրի Սուվարյանն առաջարկեց կրթության որակի բարձրացման համար առավել կարևորել կրթական տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև մագիստրատուրայի ծրագրերը դարձնել ավելի գրավիչ: Աշոտ Սալնազարյանը ևս, բարձր գնահատելով իրենց ֆակուլտետի դեկանի աշխատանքը, առաջարկեց մագիստրատուրայի կրթության որակը բարձրացնելու համար ներդնել մագիստրոսական կրթական ծրագրերի ղեկավարների ինստիտուտը: «Մենք նույնպես գոհ ենք մեր դեկանի աշխատանքից, նա կարողանում է համակարգված աշխատել ամբիոնների հետ»,- նշեց պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ առաջարկելով ներդնել մագիստատուրայում հրապարակային դասախոսությունների ընդունված մոտեցումը: Բոլոր ելույթները, հարցերն ու քննարկումներն ավարտելուց հետո գիտխորհուրդը բավարար գնահատեց ֆակուլտետների հաշվետվությունները:
Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց «Ուսանողության և աշխատողների ամառային հանգստի կազմակերպման աշխատանքների ընթացքը Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում» հարցը՝ նշելով, որ մայիսից մարզաառողջարանում կատարվել են վերանորոգման և բարեկարգման որոշակի աշխատանքներ, և մարզաառողջարանը պատրաստ է առաջին հերթափոխն ընդունել հուլիսի 5-ից: Պրոռեկտորի խոսքով՝ տոմսերի վաճառքն այսօրվանից սկսված է, գները չեն փոխվել:
Պարույր Քալանթարյանը ներկայացրեց ևս երկու հարց. «Ամփոփիչ ատեստավորման մասին» հարցը, որով առաջարկվում է առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի ավարտական կուրսերում հանել ամփոփիչ քննությունը, ավարտական աշխատանքը բոլոր ուսանողների համար դարձնել պարտադիր և ավարտական աշխատանքի համար հատկացնել 18 կրեդիտ, ինչպես նաև ««Հայոց պատմություն» առարկայի երկրորդ կիսամյակի գիտելիքների ստուգման ձևը ստուգարք դարձնելու մասին» հարցը: Գիտխորհուրդը ներկայացված հարցերը քվեարկությամբ հաստատեց:
Գիտխորհուրդը քվեարկությամբ հաստատեց թեկնածուական ատենախոսության մեկ թեմա, հրատարակության երաշխավորեց իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Վարդան Աթոյանի «Ազգային անվտանգության հիմնախնդիրներ» դասախոսության նյութերը, ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մանյա Պողոսյանի «Ֆինանսական և հարկային հաշվառման հիմնախնդիրները ՀՀ շինարարության ոլորտում» մենագրությունը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Մուշեղ Հովհաննիսյանի և ասիստենտ Տիգրան Մանուկյանի «Կառավարչական հաշվառում» թեստերի ժողովածուն և բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի կողմից ներկայացված «Բարձրագույն մաթեմատիկայի խնդիրների ձեռնարկ» ուսումնական ձեռնարկը (վերջինը՝ վերահրատարակություն):
Ամփոփելով այս ուսումնական տարվա գիտական խորհրդի վերջին նիստը՝ գիտխորհրդի նախագահ, ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ներկաներին մաղթեց ամառային լիարժեք հանգիստ՝ հույս հայտնելով, որ սեպտեմբերից համատեղ ուժերով, նոր եռանդով կվերսկսեն աշխատանքը՝ ի նպաստ համալսարանի մրցունակության ու կրթության որակի բարձրացման:
Առաջիկայում գիտխորհրդի որոշումներն ամբողջական կտեղադրվեն ՀՊՏՀ պաշտոնական կայքում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին