ՀՊՏՀ օտարերկրացի ուսանողները պրոռեկտորի կողմից ստացան ավարտական վկայականներ (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1424

ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն այսօր իր աշխատասենյակում ավարտական վկայականներ հանձնեց օտարերկրացի ուսանողներին՝ 6-ամսյա նախապատրաստական դասընթացները հաջողությամբ ավարտելու առիթով:

Հանդիպման սկզբում, ողջունելով ուսանողներին, պրոռեկտորը նշեց, որ մեծ ուրախությամբ է հանձնում վկայականները: Ուսանողների հետ զրույցում Գագիկ Վարդանյանը հարցրեց՝ արդյո՞ք  արդարացվել են ուսումնառության հետ կապված  նրանց ակնկալիքները, գո՞հ են ՀՊՏՀ տված գիտելիքներից, ինչին ի պատասխան ուսանողները հայտնեցին իրենց գոհունակությունը, նրանցից մեկն ասաց. «Ամեն ինչ հիանալի է…»: Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը նշեց, որ բացի նրանից, որ օտարերկրացի ուսանողները կրթություն են ստանում մեր երկրում, ստեղծվում են նաև միջմշակութային կապեր, ուսանողները ծանոթանում են միմյանց սովորույթներին, ձեռք բերում նոր ընկերներ: Օտարերկրացիներին հնարավորություն ընձեռվեց նաև ներկայացնելու առաջարկություններ, որոնք միտված են ուսումնառությունն էլ ավելի արդյունավետ դարձնելուն: Ուսանողներից մեկն առաջարկեց ուսումնական ծրագրում ներառել նաև ռուսերենի ուսուցում: Պրոռեկտորը ողջունեց առաջարկը՝ նշելով, որ քայլեր կձեռնարկվեն՝  առաջիկայում այն առարկայական դարձնելու համար:

Հանդիպման ավարտին օտարերկրացի ուսանողները Գագիկ Վարդանյանի և արտաքին կապերի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ շրջայց կատարեցին բուհի գողտրիկ  բակում, զրուցեցին ՀՊՏՀ հայ ուսանողների հետ, փոխանակվեցին տպավորություններով:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Գագիկ Վարդանյանն ասաց, որ արդեն 2-րդ տարին է, որ ՀՊՏՀ-ում ուսանում են օտարերկրացի ուսանողներ (Հնդկաստանից, Սիրիայից, Նեպալից և այլն):

«Նախապատրաստական կուրսի դասընթացներն ավարտած ուսանողներից  շատերը, հավանաբար, կրթությունը կշարունակեն բակալավրիատում: Հարկ է նշել, որ օտարերկրացի ուսանողների ուսուցումը տարբեր եղանակներով կազմակերպելու համար ստեղծվել է պրոֆեսորադասախոսական  ամուր թիմ.  դասախոսներն  իրենց փորձառության շնորհիվ կարողանում են հնարավորինս  լավ կրթություն ապահովել օտարերկրացիների համար: ՀՊՏՀ-ում շարունակվում է տարբեր երկրներից ուսանողների ընդունելության գործընթացը: Մեր բուհն ուրախ է հյուրընկալելու օտարերկրացի ուսանողներին»,-եզրափակեց Գագիկ Վարդանյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին